Էներգոարտադրության ու էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը գտնվում է ստրատեգիական նշանակության հարցերի շարքում: Հատկանշական է, որ այս տարի կիրականացվեն ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլի (սարքավորումների, համակարգերի և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման) աշխատանքները:
Օրերս կայացած գործադիրի նիստում պարզ դարձավ, որ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում: Արդյունքում մշակվելու է իրականացվող աշխատանքների պլանժամանակացույցը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը:
Հարկ է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2014թ. մարտի 27-ի որոշմամբ հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին, որի համաձայն կիրականացվեն էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները և կսկսվեն էներգաբլոկի լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:
Տիգրանուհի Դավթյան