Ես այսօր դիտեցի «Անահիտ» մուլտֆիլմը: Հեքիաթից ոչինչ չէր պահպանվել: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիմքում մարդն է, որպես ամբողջություն՝ իր բարդ կազմությամբ: Մարդ գումարած բնություն կապն է, այդ կապը ներդաշնակություն է ստանում աշխատանքի գաղափարի շնորհիվ: Մարդն ապրում է, մաքառում, աշխատում: Աշխատանքը նվիրագործության իմաստ է ստանում: Ու որպես արդյունք մարդը սրբագործվում է, քանի որ աշխատանքն է նրան սրբագործում, աշխատանքն արդեն ինքը ՍՐԲԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է: Մաքառման արդյունքում ձեռք բերված պսակն ու պտուղները: Ի վերջո նպատակը, նվիրումը, տքնանքն ու ազնիվ ջանքերը, վերստին միանալով ամբողջի հետ, մաս են կազմում բնության, ու որպես ամենի վարձահատուցում, որպես մարդու հոգու երախայրիքը ( Քանի որ մարդն առաջին իր ճանաչողությունը ստանում է գիտանքի, գործի ու նրանից քաղած պտուղների շնորհիվ) աշխատանքը սրբանում է ու ստանում ՍՐԲՈՒԹՅԱՆ իմաստ:

 


Արքան խորհրդանշում է բարձրագույն աստիճանակարգը: Ինչու՞ է Անահիտը նրան խորհուրդ տալիս արհեստ սովորել: Թագավորը հենց ինքն աշխատողն է: Նա վերջին ու առաջին մշակն է իր երկրի: Նրա արքա լինելու գաղափարը արժևորվում է աշխատանքի, այսինքն հմտության, կարողության, աշխարհաճանաչման, բարձր գիտակցականության գաղափարով: Աշխատանքը որպես իմաստության ու արդարության (Ով աշխատում է, նա արդար է ) միտքը: Կյանքն հարափոփոխ է. արքան կարող է դառնալ գերի, սակայն երբ առկա է արդար հիմքը, իմաստությունն ու արժեքայնությունը որպես այդպիսին, ապա դա արդեն միտում է դեպի հավերժականության, անանցության գաղափարին:

 

Վաչագան թագավորն ազնիվ էր, բարեբարո և իմաստուն: Դրա համար էլ նա ազատվեց թակարդից: Թագավոր ու արհեստավոր: Սովորական արհեստավորը ուշիմությամբ, խոհականությամբ (իմաստություն) ու աշխատանքով կարող է ստանալ ազնվազարմության ու հարգանքի պատվոընծան, մոտենալ ազնվականության արժեքայնությանը: Իսկ արքան, անցնելով տառապանքների միջով, ու իմաստնանալով, ավելի կընդգծի, ամուր հիմք կստեղծի , կարժևորի իր տիտղոսը: Քանի որ ամեն ինչ անցավոր է ու ժամանակավոր, ապա նա, ով կյանքին մոտենում է բարության ու հիմնարար արժեքներից ենելով,(աշխատասիրություն, ազնիվ ջանք) ստանում է կյանքի օրհնությունը, լինի շինական, արհեստավոր թե արքա:
Ինչո՞ւ Վաչագանն ընտրեց Անահիտին՝ այս դեպքում, սովորական աղջկա: Քանի որ նա միակ մարդն էր, ով արքային չթողեց դժբախտության, մենակության մեջ միայնակ: Սերը ստանում է համընդհանուր, տրանսցենդենտալ արժեք, դուրս գալիս դասային, ռասսայական կամ այլ պարփակումներից:

 

Մուլտֆիլմում այս ամենը չկա: Աղավաղված, աղճատված է պատումը: Վաղինակի կերպարը վերածվել է Սերոբի: Վաղինակը հեքիաթում իմաստավորում է ընկերության գաղափարը: Նույնիսկ դժբախտության մեջ մարդու հետ է իր ընկերը, զինակիցը, դժբախտությունը միասին են կիսում՝ ընկերոջ հետ: Վաղինակն արքայի զինակիցն է, նա պետք է լինի ավելի լուրջ (քան Սերոբն է. Ինչ որ կատակաբանի, գրոտեսքային դայակի, սիրելի ու բարի դմբլոյի կարգավիճակում), քանզի լրջագույն փորձության պահին, կիսում են ապրումներ, ունենում անցյալ, որ ամրագրվում ու իմաստնանում է: Լուրջ մարդ է պետք, լուրջ ձայն, քանզի ավելի լուրջ են կրքերն ու ապրումները: Որևէ իմաստով, այո, հեքիաթի հիման վրա մուլտֆիլն նկարելն հեշտ չէ, պետք է թոթափել ծանրությունը, դարձնել ժամանակակից, գրավիչ, բայց միևնուն ժամանակ պահպանել հեքիաթի ուրույնությունն ու հմայքը, հիմնական առանցքային դրույթները: Հրանտ Թոխատյանի անլուրջ, չգիտես իրեն, թե հանդիսատեսին անվերջ հեգնող ձայնը, նրա ստեղծած կերպարն արդյո՞ք տեղին էր: Անհետացել է հեքիաթի ռոմանտիկան, կախարդականությունը, խորհրդավորությունը: Ո՞վ է այդ Ազարը: Մեր չար հարևան ազերն է արդյո՞ք, ով վերափոխվելով ազարի, սղոսկել է մեր հեքիաթի մեջ: Եթե Ազարը որպես կերպար չար է, ապա ինչու՞ է չար:

 

Նա ընդհանրապես չունի որևէ պատմություն: Անցյալ, ներկա, կերպարի ստեղծման նախադրյալներ: Ու ինչպես ասում են это из другой оперы: Աղոտ, մշուշոտ, անկապակից նմանություն "Համլետին" կամ "Առյուծ արքա" հրաշալի մուլտֆիլմին: Կա նաև որոշակիորեն ադրբեջանցիներին ուղղված կադրեր: Բայց մուլտֆիլմը միթե պետք է լինի հատուկ տրամպլին մեր համար՝ հայ-ադրբեջանական պայքարի համատեսքտում: Կարելի է, ինչու չէ, բայց դա արդեն Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը չէ: Հեքիաթում Վաչագանը հայտնվում է անծանոթ, չգիտես ում կողմից նենգորեն հյուսած ( Չար քրմապետի) որոգայթում: Մարդուն փորձանք կարող է սպասել ճակատագրի ցանկացած պահի , ցանկացած վայրում, անծանոթ ու անիմանալի չար ուժերի կողմից: Միշտ պետք է ուշիմ լինել: Հնարավոր է լինեն թշնամիներ, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք: Պետք է լինել աչքը բաց, պատրաստ ցանկացած վտանգի:

 

Միթե՞ չարժեր, որ այս գաղափարը երևար Ֆիլմում: Մուլտֆիլմը թեև ունի գեղարվեստական արժանիքներ, սական գեղեցիկ պատկերները պետք է ուրույն կերպով լրացնեն կախարդական պատումին, ընդհանուր մթնոլորտ ստեղծեն, էլ ավելի արտահայտինչ դարձնեն այն: Սակայն պատումը կիսատ է, անհետևանք, այդ պատճառով վերոհիշյալ տարրերի անջատումը մեծ է: Եվ ի վերջո, տրված չէ սիրո գաղափարը, Անահիտի ու Վաչագանի մեծ սիրո գաղափարի շունչը:

 


Սերը՝ որպես գեղեցիկ ու մեծ արժեք:
Սերը՝ որպես պատումը ձևաստեղծող ու թև տվող:
Սերը՝ որպես, ի վերջո, այդքան տառապանքներից հետո պարգև, մաքրագործում, սրբագործում:
Սերը՝ որպես համընդանուր հյուլե, տարրալուծված ամեն կերպարի մեջ, որպես բնության կենսագործող ուժ:
Սերը՝ որպես անըմբռնելի միստիկա, ազգային հոգեկերտվածքը վերծանող, անորսալի արխետիպերի նյութ, էթնոհոգեբանություն,
Սերը ՝ որպես գողտրիկ ու նուրբ մի պատմություն՝ (Աննկարագրելի գեղեցիկ, խոսուն պատկեր: Նմանը չունեցող բառեր):
Սերը՝ որպես հավերժից եկող հրաշալի օրինակ ու խորհուրդ հետագայի մարդկանց, որ կնքվում է սրտիդ մեջ: Այն եզակի, փոքրաթիվ լավագույններից, որ կան համաշխարհային գրականության մեջ:

 

 

Արտյոմ Ավագյան