Երևանի առաջին քարտեզագծված պատկերը՝ 1655 թվականին...
1631-ից մինչև 1668 թվականը ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական ժան-Բատիստ Տավերնյեն (1605-1689) վեց անգամ ճանապարհորդել է Արևելքի երկրներով, հիմնականում՝ Պարսկաստանով և Հնդկաստանով: Ուղևորությունների ընթացքում գրել է ճանփորդական նոթեր և պատկերել բազմաթիվ ուշագրավ գրավյուրներ՝ այդ ամենը մաս առ մաս հրապարակելով: Ամբողջական տեսքով «ժան-Բատիստ Տավերնյեի վեց ճանփորդությունները» գիրքը հրատարակվել է 1676 թվականին Փարիզում:
1651–1655 թվականների իր մի ճանապարհորդության ընթացքում Տավերնյեն այցելել է նաև Երևան: Նրա կողմից հեղինակած ներկայացվող գրավյուրը՝ փաստացի Երևան քաղաքի առաջին քարտեզագծված և հրապարակված պատկերն է հանդիսանում: Այն արվել է 1655 թվականին և տեղ է գտել 1660-ին լույս տեսած ժան-Բատիստ Տավերնյեի «Պարսկական ճանփորդություններ» գրքում:
Ինչպես գրում է Տավերնյեն՝ «Երևանի հիմնական բնակչությունը հայեր են, որոնք քրիստոնեություն են դավանում»: Գրավյուրի վրա հստակ երևում են Երևանի բերդը, Փոքր բերդը (ներկայիս Նորագյուղ թաղամասը), Դալմայի այգիները, Հրազդան գետը՝ կամուրջով, Գետառը՝ երկու կամուրջներով և Նորքի բարձրունքը: Նկարում պատկերված են քաղաքի թաղամասերը, փողոցները և ամենաուշագրավը՝ եկեղեցին, որը 13-րդ դարի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն են հանդիսանում (ներկայումս պահպանվել է միայն Սուրբ Աստվածածինը՝ Աբովյան փողոցի վրա): Նշենք, որ 1679 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում քանդվել են Երևանի շինությունների մեծ մասը:
Ռուբեն Շուխյան