Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանցը ծնվել է 1863 թվականին, ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժանմունքը: Եղել է պետական ծառայող, աշխատել է կայսերական Հողագործության և պետգույքի նախարարության համակարգում' պալատական խորհրդականի կոչումով: 1897 թ. Ալեքսանդրապոլի (Գյումրի) պատմության մեջ կայացան քաղաքային խորհրդի (դումա) և քաղաքապետի (քաղաքագլուխ) առաջին ընտրությունները, որի արդյունքում Ալեքսանդրապոլի առաջին քաղաքապետ դարձավ Գեղամ Տեր-Պետրոսյանցը:

 

 

Գեղամ Տեր-Պետրոսյանցը ամուսնացած էր Ալեքսանդրապոլի հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի դստեր' Ջավահիրի հետ: Նրանք բնակվում էին քաղաքի գեղեցիկ շենքերից մեկում, այսպես կոչված «Օժիտի տանը»' ինչպես գյումրեցիներն են առ այսօր այդ տունն անվանում: Այդ տունը Լևոն Դրամփյանը որպես հարսանեկան օժիտ նվիրել էր իր դստերը՝ Ջավահիրին: Հենց այս շենքի մի հարկաբաժնում է գործել սկզբնական շրջանում Ալեքսանդրապոլի քաղաքապետարանը:

 

 

Գեղամ Տեր-Պետրոսյանցի օրոք քաղաքում կառուցվել է երեք կամուրջ, ֆերմա, սպանդանոց, ախտահանման կայան, քաղաքային բյուջեով սկսվել է կանանց պրոգիմնազիայի և կոմերցիոն ուսումնարանի շենքերի շինարարությունը: Նշենք նաև, որ նրա պաշտոնավարման ընթացքում Ալեքսանդրապոլում բացվել են հանրային գրադարանը, քաղաքային բանկը, հիվանդանոցը և սկսել է գործել աղքատների օգնության հոգաբարձուների խորհուրդը, որի անդամն էր ինքը (նա նաև կանանց պրոգիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել):

 

 

1906 թվականին Գեղամ Տեր-Պետրոսյանցը ընտրվում է Ռուսական կայսրության 1-ին պետական դումայի պատգամավոր Երևանի նահանգից: Պետդումայում նա ագրարային հանձնաժողովի անդամն էր, սակայն նույն 1906-ին ձեռբակալվել է' քաղաքական հայացքների պատճառով (Տեր-Պետրոսյանցը կադետների կուսակցությունից էր) և աքսորվել: Ներկայացվող պատկերը' 1903 թ. Սանկտ Պետերբուրգում տպագրված «Ռուսական կայսրության քաղաքապետերը» պաշտոնական ալբոմից է:

 

 

 

Ռուբեն Շուխյան