Ծխախոտի ծուխը ևս մի անգամ ներս քաշեց, ու փորձեց ազատվել աչքերից թափվող անօգուտ արցունքներից: Չստացվեց, մտքերը շատ խառն էին ու ցրված... Նրան թվում էր, թե այս անգամ արդեն ոչինչ էլ անել հնարավոր չէր...
Բացված դռան հետևում ծանոթ մի ձայն շշնջաց.
- Ցուրտ է, Սոնա, ներս արի, չմրսես...
- Գնա, հիմա կգամ,- ասաց Սոնան ու, սպասելով դռան փակվելուն' վառեց ևս մի ծխախոտ' փորձելով ծխի հետ հօդս ցնդեցնել հոգում կուտակված ցավն ու խռովքը...

Ներսում ծանոթ հաճախորդներից մեկն անհամբեր սպասում էր, թե երբ են իրեն մոտենալու: Վերջապես նա նկատեց Սոնային ու բարեհամբույր ժպտաց, ինչպես կժպտար իր հին ծանոթին: Սոնան սառը հայացքով նայեց նրա կողմը, բայց ոչ աչքերին, բնականաբար, չնկատեց անգամ ծանոթ հաճախորդի ոչ ժպիտը, ոչ բարևը և մոտեցավ ու անտարբեր հարցրեց.
- Ի՞նչ եք կամենում...
- Մարդ եմ սպասում, հիմա կգա, միասին կպատվիրենք, բայց հիմա մի բաժակ թեյ, միայն:

Սոնան առանց որևէ խոսքի հեռացավ չնայելով անգամ շրջապատի մարդկանց...
- Այսօր մի տեսակ եք, վատ բան չի պատահե՞լ,- հարցրեց երիտասարդ հաճախորդն ու նայեց Սոնայի կապույտ աչքերին, երբ վերջինս նրա առջև' սեղանին, դրեց պատվիրված թեյը:
- Ամեն ինչ կարգին է,- գրեթե շպրտեց Սոնան ու շտապով հեռացավ:
... Ռեստորանի հետնամասով դուրս եկավ բակ: Դրսում օդն ավելի սթափեցնող էր ու մաքուր: Սոնան սկսեց ինքն իրեն նախատել բարի ու հոգատար լինելու համար: Ախր իրեն ինչ, որ ծնողները հեռացել են ամեն մեկը մի ուղղությամբ, ու տան երեխաների' 15-ամյա քրոջ և 13- ամյա եղբոր հոգսն ինքն իր վրա է վերցրել... Ինչու՞, մի՞թե ինքն իրավունք չունի վայելել այս կյանքն ու մի քիչ էլ իր աշխատածն իր համար ծախսել...
Սոնան անելանելի ու սթրեսային վիճակից չգիտեր ինչպես դուրս գալ: Հանկարծ նրա մտքով անցան մանկական տարիներն, ու նա սկսեց թռչկոտալ թաց ասֆալտի վրա: Բարկությունը կամաց- կամաց տեղի տվեց, բայց զայրույթին գերի ալեկոծ հոգին հապաղեց: Նա վազեց ներս ու դողացող ձեռքերով պայուսակի մեջ կրկին սկսեց փնտրել սիգարետի տուփը:
- Վայ, ես քու...,- հոգու խորքից պոռթկաց հույզն, ու Սոնան իր վրա նկատեց աշխատողների ուշադրությունը:
- Ի՞նչ է պատահել, Սոնա,- հարցրեց կանանցից մեկը, որ բոլորից տարեցն էր,- ինչու՞ ես այսքան լարված:
- Ինչու՞ եմ լարված,- արցունքների խեղդոցի մեջ լսվեց տխուր ձայնը,-որովհետև ոչ լույսի համար փող ունեմ հավաքած, ոչ գազի... էլ չեմ ասում ջրի համար, վերելակի... աղբի... իրար հետևից գալիս են դուռը թակում' փող, փող, փող... Մարին ասում է, դպրոցում չգիտեմ ում ծնունդն է ' էսքան փող տուր, Ռոմանն իր հերթին է' Սոնա, ջան, փող տուր, դպրոցում հավաքում ենք... Ի՞նչ է, ես մարդ չե՞մ, ես ծախսել չե՞մ ուզում... ես էլ եմ չէ՞ նորմալ ապրել ուզում... Հոգնել եմ այս ամենից... հոգնել եմ...
Ու նա դողդողալով սրբեց արցունքները, վերցրեց գտած տուփն ու դուրս եկավ բակ: Կանանցից մեկը դուրս եկավ նրա հետևից, բայց և հաջորդ պահին ներս եկավ ու ասաց.
- Շատ է ընկճված, մեղք է այս աղջիկն, ախր այդքան պարտականություններն այս տարիքում ո՞նց է վերցրել իր ուսերին:
- Հա, բայց խեղճ աղջիկն ի՞նչ աներ,- միջամտեց մեկ այլ կին, ով երևում էր, նույնպես լավ ծանոթ էր Սոնայի ընտանեկան խնդիրների հետ ,- ծնողներն են մեղավոր, թողել, գնացել են... Ինքն էլ մեծն է, որոշել է խնամել նրանց, մինչև մեծանան կամ ծնողները վերադառնան...
- Բայց դե մի տեղից օգնություն է պետք, թե չէ այս աղջիկը կխելագարվի... միայն այս աշխատանքով հաստատ չես կարող երեք հոգու բերան պահել... էլ չեմ ասում մնացած ծախսերը - ավելացրեց մի երրորդը:
Նրանք շարունակեցին գործի հետ միասին քննարկել Սոնայի ընտանեկան հարցերը, նրա ծնողների անմարդկային վերաբերմունքը' Սոնայի ու մյուս երկու երեխաների նկատմամբ, հետո նմանատիպ պատմություններ հիշեցին, պատմեցին ու կամաց- կամաց մոռացան Սոնայի տխրության ու խնդիրների մասին:
Այսպես աշխատանքային օրը հասավ իր ավարտին: Ամեն մեկը զգուշորեն հաշվեց ու տնօրենի ձեռքից ստացավ իր օրաբաժին աշխատավարձը:
Սոնայի աչքերում փայլ երևաց. ՙԼույսի ու գազի համար բավական է՚,- մտածեց նա ու շտապով քայլեց կանգառի կողմը: Սպասեց իր տրանսպորտին, ինչպես միշտ, շրջապատի հանդեպ անուշադիր ու մտացրիվ հայացքով: Նրա անուշադրության խորքը ներխուժեցին երկու տղաներ ու սկսեցին տեղի անտեղի աքլորանալ:
Սոնան կանգնեցրեց տրանսպորտն ու հարմար տեղավորվեց: Նա այստեղ անգամ չնկատեց տղաներին, ովքեր զգուշորեն հետևում էին նրան:
Իջավ: Տղաները նրա հետևից: Անշտապ քայլերից երկու աքլորները կասկածեցին նրա վերադարձը ներկա, ու նրանց ոտքերն ավելի զգույշ սկսեցին գրկել սառը գետինը: Անտեղի. Սոնան կրկին չնկատեց նրանց ներկայությունն ու հանգիստ շարունակեց քայլել հարազատ փողոցով: Հանկարծ ծանրություն զգաց ուսին, շրջվեց, բայց ոչինչ չտեսավ, քանի որ աչքերն ու բերանը փակվեցին: Նա փորձեց ազատվել ու որքան հնարավոր էր իրենից վանեց այդ տարօրինակ ձեռքերը: Բայց ուժը չէր բավականացնում տղամարդկային ամուր ձեռքերին դիմակայելու համար:
Սոնային հրեցին գետնին, ու մինչ նա կփորձեր վեր կենալ, երկու անպատկառ երիտասարդները վերցրեցին նրա պայուսակն ու անհետացան մթության մեջ: Նա ոտքի կանգնեց, ու միանգամից չհասկացավ կատարվածը: Երբ վերջին հույսով փնտրեց ու չգտավ պայուսակը, ամբողջ հոգով բղավեց, ու ընկավ գետնին:
Կուտակված խռովքը հոսեց Սոնայի աչքերից, ու նա ջղաձգվելով գալարվեց թաց գետնի վրա:
Թե ինչքան էր նա այդպես պառկած մնացել, ինքն էլ չգիտեր: Փորձում էր իրենից վանել իրական պատկերն ու դարձնել երազ: Բայց սառը գետինը սթափեցրեց նրան: Սոնայի սիրտը ընկալվածի հարվածից փոքրացավ ու նա կրկին կոտրվեց:
Մատը սոսնձվեց զանգի կոճակի վրա այնքան, որ քույրը վերջապես քնից արթնացավ ու բացեց դուռը:
- Քեզ ի՞նչ է պատահել, բանալի չունե՞ս,- խռոված ձայնով ասաց քույրը:
- Դժվար է, մի՞թե մի անգամ իմ առջև բացել դուռը,- վրա բերեց Սոնան բարկացած:
- Բայց դու ժամին նայե՞լ ես,- կարծես արդարանալու փորձ արեց քույրը:
- Ես ժամին նայել եմ. դու նայիր ու տես, թե որ ժամին է քույրդ գալիս գործից, միայն, որ դուք' երկուսդ քաղցած չմնաք, տաքանալու տեղ լինի. սրանից հետո երկուսդ էլ կիմանաք ձեր խոսքի չափը...,-գոռաց Սոնան ու մտավ լոգարան' ինքն էլ չիմանալով թե ինչպես այս խոսքերը դուրս թռան բերանից, ու ստիպեցին քրոջը լռել, մտնել անկողին ու նույն հանգստությամբ քնել:
Շուտով նրան միացավ Սոնան ու վայելքի մեջ այրվեց' քնելու տենդով: Աչքերը փակվեցին, իսկ մտքում մի հարց էր պտտվում. ՙԻնչպե՞ս է վճարելու լույսի, գազի համար... չմնան ցրտի մեջ...՚: Հետո էլ ցավով հիշեց կատարվածն, ու մտքի մեջ արմատավորվեց ու շրջապտույտի պես տնքաց ևս մի հարց.ՙ Ինչպե՞ս է վաղը գործի հասնելու...՚: Հետո հոգնածությունը տապալեց նրա մտքում տիրող խառնաշփոթն, ու նա խոր քուն մտավ:
Առավոտյան արևի առաջին ճառագայթների հետ հնչեց դռան զանգը: Երեքն էլ' ամեն մեկը մի կողմից վազեցին դուռը բացելու:
Դռան առջև կանգնած էր նրանց մայրը, ով հինգ տարի բացակայելով իր սեփական օջախից, խուսափում էր իր իսկ ձեռքի բանալիով բացել դուռը և մտնել ներս:
Սոնան խորը շունչ քաշեց, ու նրա ուսերն ակամայից վեր բարձրացան: Նա արտասվելով մոտեցավ գրկեց մորն ու կարծես ցանկացավ ասել. ՙՎաղուց էինք սպասում քեզ, ինչու՞ այսքան ուշացար՚:
Տունը լցվեց ուրախությամբ: Այդ օրը ոչ ոք ոչ մի տեղ չգնաց:

Նարե Աթոյան