2016 թ. Մերձավոր Արևելքի համար մեկնարկեց նոր լուրջ հիմնախնդրով՝ Սաուդյան Արաբիա-Իրան ուղղակի առճակատմամբ: Հատկապես վերջին 5 տարիների ընթացքում տարածաշրջանում սրված կրոնադավանական խնդիրներն այս պարագայում արդեն դրսևորվեցին ճամբարների «առաջնորդների» մակարդակով, ասել է թե՝ միջիսլամական «սուննի-շիա» հակամարտությունը տեղափոխվեց հնարավոր ամենաբարձր մակարդակ՝ առայժմ, սակայն, քաղաքական, հռետորաբանական, նաև՝ տնտեսական հարթություններում:

 


Թերևս որևէ կասկած չի հարուցում այն իրողությունը, որ այս դիմակայությունը Սաուդյան Արաբիայի (ՍԱ) և նրան հարող որոշ երկրների կողմից հրահրված էր միտումնավոր կերպով (այն իր հիմքում ունի նաև ներքին, բայց հիմնականում՝ արտաքին դրդապատճառներ), անգամ ժամանակային առումով ծրագրված էր նախապես, բոլոր հնարավոր քայլերը՝ հաշվարկված. գործընթացի մեկնարկին անգամ հաղորդվեց «խորհրդանշական ձևավորում». այն սկիզբ առավ Սաուդյան Արաբիայում՝ Մուհամմադ մարգարեի հայրենիքում, իսլամի սուննիական ուղղության 2 կարևորագույն երկրների առաջնորդների՝ սաուդյան թագավոր Սալման իբն աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո:

 


Այն հանգամանքը, որ թագավորության բնակչության 10-15%-ը կազմող շիաների շրջանում և առհասրակ ողջ շիայական աշխարհում նման հնչեղ արձագանք էր ստանալու մեծ հեղինակություն վայելող հոգևորական Նիմր Բակր ալ-Նիմրի մահապատիժը՝ հատկապես «Ալ-Կաիդայի»՝ ավելի քան 4 տասնյակ ենթադրյալ անդամների շարքում, պարզից էլ պարզ էր, կանխատեսելի էր նաև, որ բողոքի ալիքն առարկայանալու էր թագավորության իշխանությունների դեմ տարաբնույթ գործողությունների տեսքով, արտերկրում՝ ՍԱ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հնարավոր հարձակումներով. այս համատեքստում, նաև նույնչափ սպասելի էր, որ բողոքի գործողությունները հասնելու էին անգամ մինչև Իրան, և առնվազն հռետորաբանական, դիվանագիտական մակարդակում լինելու էր սուր քննադատություն՝ շիա հոգևորականի մահապատժի առնչությամբ: Այդ իսկ պատճառով, Ալ-Ռիադում ծրագրել էին նաև հաջորդող հերթական քայլերը՝ միտված Իրանի հնարավոր պատասխան գործողությունների սահմանափակմանը, նաև՝ Թեհրանի մեկուսացման քաղաքականությանը:
Սա է պատճառը, որ ՍԱ-ի կողմից Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթացը նույն տրամաբանությամբ, կամ դրանց մակարդակն իջեցնելու եղանակով շարունակություն ստացավ թագավորության արբանայակ կամ գործընկեր մի շարք երկրների կողմից՝ Բահրեյն, Սուդան, Ջիբութի, Սոմալի, ԱՄԷ, Քուվեյթ, Կատար և այլն. առնվազն խոսքային մակարդակում Ալ-Ռիադի գործողությունները կպաշտպանեն ինչպես Եգիպտոսը, Թուրքիան, այնպես էլ արաբական և մեծամասմաբ սուննի մուսուլմանական բնակչություն ունեցող այլ երկրներ:

 


Վերոշարադրյալի համատեքստում, ամենակարևոր հարցադրումը, թերևս, հետևյալն է՝ որո՞նք են այս գործընթացի պատճառները, նպատակները և, անշուշտ՝ ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ:
Համապատասխան դատողությունները փորձենք դասակարգել հետևյալ պայմանական հերթականությամբ՝
1. ՍԱ-ի սադրած առճակատման առանցքային նպատակն Իրանի մեկուսացումն է: Այս գործընթացը ենթադրում է միաժամանակ 2 ուղղություն՝ քաղաքական և տնտեսական, ասել է, թէ՝ Թեհրանի քաղաքական մեկուսացումը տարածաշրջանում և միջուկային ծրագրի հանգուցալուծման ֆոնին Իրանի դեմ հայտարարված տնտեսական պատժամիջոցների չեղարկման գործընթացի առավելագույնը կասեցում, նվազագույնը՝ հնարավորինս դանդաղեցում՝ Իսլամական հանրապետության վրա հնարավոր ճնշումների ապահովման եղանակով:

 


2. Այն իրողությանը, որ Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային կարևորագույն մի շարք այլ դերակատարներ լրջորեն անհանգստացած էին և ամեն կերպ փորձում էին չեղարկել Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծում, ականատես եղանք հատկապես անցյալ 3 տարիների ընթացքում, և եթե մինչ Իրան- «Վեցյակ» համաձայնության կայացումը, գործողությունների թիրախը «գործարքի» կասեցումն էր, ապա 2015-ի հուլիսից հետո արդեն արձանագրվեցին մարտավարական փոփոխություններ՝ միտված համաձայության կենսագործան գործընթացի խոչընդոտմանը:
3. Իսկ Իրանի հակառկորդների նման գործելաոճի դրդապատճառներն ու անհանգստությունը պայմանավորված էին այն մտավախությամբ, որ պատժամիջոցներից ազատված Թեհրանը բոլոր հնարավոր ուղղություններում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլն էականորեն կբարելավի իր դիրքերը և շատ ավելի ազդեցիկ կդառնա՝ հատկապես որպես հակակշիռ իր մրցակիցների: Այս համատեքստում, որպես հետագա զարգացումների փորձաշրջան կարելի է դիտարկել վերջին 5 տարիների ընթացքում «արաբական գարնան» հետևանքով տարածաշրջանում տեղ գտած գործընթացների տրամաբանությունը, երբ Իսլամական հեղափոխությունից հետո ավելի քան 3 տասնամյակ մշտապես տարատեսակ պատժամիջոցների (իսկ նշված ժամանակահատվածում պատժամիջոցները հասել էին գագաթնակետին) ազդեցության ներքո գտնվելով անգամ Թեհրանը ոչ միայն կարողացավ պահպանել իր դիրքերը այլև՝ անգամ ավելի բարելավել դրանք սեփական հակառակորդների հետ անուղղակի դիմակայության մարտադաշտի վերածված Եմենում, Սիրիայում, Իրաքում, նաև՝ Լիբանանում՝ ոչ միայն հաջողությամբ ձախողելով ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ արտատարածաշրջանային հակառակորդների ծրագրերն, այլև՝ առաջ տանելով սեփական խաղը:

 


Հետևբար, կասկածից վեր է, որ Իրանի հակառակորդները վստահաբար երկյուղում են արդեն պատժամիջոցներից ձերբազատված Իրանի հնարավոր հավակնություններից (տնտեսական հարթության մեջ՝ հատկապես էնեգակիրների վաճառքի շուկայում):

 


4. Մյուս կողմից, Իրանի մեկուսացման վերջին փորձերը թաքնված մեսիջ են պարունակում նաև' ուղղված դեպի Արևմուտք առ այն, որ Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության առկա համակարգի հնարավոր փոփոխությունները, որոնց առանցքում կարող է գտնվել Իրանը, դատապարտված են տապալման, քանի որ դրանք հակասում են ռազմաքաղաքական և տնտեսական շահերի որոշակի համակցության, և դրանց միասնաբար ու հաջողությամբ կարող են ընդդիմանալ միաժամանակ ինչպես տարածաշրջանի շուրջ 2 տասնյակ սուննիական երկրներ, այլև՝ Իսրայելը:
5. Գործընթացի հնարավոր հետևանքների մասին կանխատեսումներ անելիս, անշուշտ պետք է հիմք ընդունել պաշտոնական Թեհրանի հնարավոր գործողությունների տրամաբանությունը, քանի որ գնդակն այժմ Իրանի դաշտում է:

 


Այս համատեքստում, պաշտոնական Թեհրանի՝ մինչ այս ցուցաբերած բավական հաշվարկված և հավասարակշռված պահվածքը թույլ է տալիս կանխատեսելու, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականություն մշակողները լիովին ըմբռնում են գործընթացի տրամաբանությունը և խելացիորեն գնահատում դրա խորքային առանձնահատկություններն: Այդ իսկ պատճառով, ներքին և արտաքին լսարանների համար իրականացվող Իրանի պատասխան հակաքայլերը դեռևս դիվանագիտական, քարոզչական հարթության մեջ են, իսկ նրա ուղարկած մեսիջների և ընտրած թիրախների տրամաբանությունը հիմնված է լինելու սադրանքներին չտրվելու քաղաքականության, և բացառապես՝ սեփական շահերի վրա հիմնված գործելաոճի վրա: Որպես օրինակ, անշուշտ, որևէ պետության դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակումը, դիվանագիտական իրավունքի նորմերի համաձայն, նշանակում է հարձակում այդ պետության դեմ: Այս համատեքստում, Իրանից դուրս եկող մեսիջներում հստակ մեղադրանքներ կան՝ ուղղված Իսրայել պետության դեմ, առ այն, որ «Իրանում ՍԱ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացված հարձակումները կազմակերպվել են «սիոնիստական ռեժիմի» կողմից հովանավորվող տարրերի կողմից՝ մուսուլմանական աշխարհում հակամարտություն հրահրելու նպատակով»:

 


Կարևոր են նաև Իրանի հետագա քայլերը՝ սիրիական և եմենյան հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում, հատկապես՝ սադրանքներին չտրվելու կարողությունը, որոնք կողմնորոշող ցուցիչի դեր կարող են ունենալ ներկա գործընթացներին ուշի-ուշով հետևող արտատարածաշրջանային առանցքային դերակատարների համար:

 

 

Արմեն Պետրոսյան