Ամանորին մի շարք ապրանքների գների բարձրացման ավանդույթը սկսել է անկում ապրել: Այս մասին է վկայում օրեր առաջ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած 2016 թվականի առաջին խորհրդակցության ժամանակ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի զեկուցը:
Վերը նշված զեկույցում նշվել է, որ տոնական օրերից առաջ և հետո ուժեղացված հսկողություն է իրականացվել սոցիալական նշանակություն ունեցող 20 անուն ապրանքների գների նկատմամբ: 2014 թ. դեկտեմբերի վերջի և 2015 թ. հունվարի նկատմամբ 2015-ի դեկտեմբերին և 2016 թ. հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արձանագրվել է էական գնային նվազում, անգամ կան ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են 30-40 տոկոսով, օրինակ՝ ձվի, ալյուրի:
Արտակ Շաբոյանը նշել է նաև, որ ընդհանուր առմամբ, շուկան կայուն է, և գների բարձրացման դեպքեր չեն արձանագրվել, իսկ գործադիրի ղեկավարն էլ ՏՄՊՊՀ նախագահին հորդորել է շարունակել ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Նարեկ Սարգսյան