Ռուսական կայսրությունում փոստային շրջանառության համար նախատեսված ներկայացվող «Հայկական խնջույք» բացիկը տպագրվել է 20-րդ դարասկզբին Թիֆլիսում' Խաչատուր Մարտիրոսյանցի տպարանում և շատ տարածված է եղել՝ մասնավորապես հայկական միջավայրում: Գունազարդված տարբերակով (ի դեպ գույների ոչ այնքան ճիշտ ընտրությամբ) այս նույն բացիկը տպագրվել է նաև Ստոկհոլմի «Գրանբերգ» հրատարակչության տպարանում' Համաշխարհային փոստային միության բացիկների շարքի շրջանակներում:
Ներկայացվող պատկերում տեսնում ենք ընտանեկան մի խնջույք՝ որն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Թիֆլիսի հայկական թաղերից մեկի բակում: Այս առումով ստորև մեջբերենք հայերի ընտանեկան կյանքի վերաբերյալ մի հետաքրքիր դիտարկում, որն արել է 19-րդ դարի գերմանացի ճանապարհորդ Ավգուստ ֆոն Գակստգաուզենը:
«Ինձ հայտնի չէ մեկ այլ ազգ, ում մոտ ընտանեկան կապերը այդչափ ամուր և սերտաճած լինեն, ինչպես հայերինը: Քիչ չեն դեպքերը, երբ ութսունամյա նահապետի մոտ առանց ընտանիքների առանձնացման ապրում են ընդհուպ մինչև երեք սերունդ: Ոչ ոք այստեղ չի տնտեսում միայն իրեն համար. ողջ իրենց աշխատածն ու շահույթը' այդ ամենը ներդրվում է միայն ընտանիքի ընդհանուր կարիքների համար: Կան անգամ գերդաստաններ, որտեղ ընտանիքը կազմված է 40-50 անձերից, իսկ առանձին ընտանիքների տրոհումը փաստացի սկսվում է արդեն թոռների օրոք» (Август фон Гакстгаузен. "Закавказский край. Заметки о семейной и общественной жизни". СПб, 1857):
Ռուբեն Շուխյան