1861 թվականին Միքայել Նալբանդյանը մեկնել էր Հնդկաստան: Այնտեղ Կալկաթայից հայ մեծահարուստ Մասեհ Բաբաջանյանը մի կտակ էր թողել, համաձայն որի իր մահից հետո հսկայական հարստությունը պիտի փոխանցվեր Նոր Նախիջևանի հայությանը, և Նալբանդյանը նպատակ ուներ օրինականացնել այդ գումարների փոխանցումը հայրենակիցներին:
Կալկաթայում անցկացրած վերջին շաբաթների ընթացքում Նալբանդյանը իր միջոցներով մի ռնգեղջյուր է գնում: Նրա ցանկությունն էր այդ կենդանին նվիրել Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն: Եվ քանի որ ետդարձի ճանապարհին այլ ծրագրեր էլ ուներ, հանձնարարում է ռնգեղջույրը առանձին ուղարկել Ռուսաստան:



Հսկայամարմին կենդանին Մոսկվա է հասնում երկու տարի անց: Այս մասին հետաքրքիր վավերագրեր ու պատմություններ են պահպանվել: Նրան բերել էին ծովով, հատուկ պատրաստված վանդակով, որը չորս անիվներ ուներ: Ականատեսները պատմում են, որ տեղ հասնելուն պես կենդանին շատ էր հոգնել երկար ճանապարհից: Նրա պարանոցին ծանր օղ էր անցկացված՝ երկար շղթայով: Կենդանուն կերակրել են, իսկ շղթան ամրացրել ցցին՝ երկար ժամանակ պահելով շղթայակապ: Ասում են նաև, որ վանդակի վրա մի ցուցանակ են փակցրել, որի վրա մեծ տառերով գրված էր. «Հնդկաստանի ռնգեղջյուր, Ն. Նախիջևանի հայ հասարակության կողմից, Մ. Նալբանդյանի նախաձեռնությամբ ու աշխատանքով»:



Արխիվային փաստաթղթերում նշվում է, որ ռնգեղջյուրին Մոսկվա է հասցրել Նոր Նախիջևանի քաղաքագլուխ Հայրապետովը: Վերջինս նվերը հանձնել է Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին: Նալբանդյանն անձամբ հանձնել չէր կարող, քանի որ այդ ժամանակ արդեն ձերբակալված էր ու կալանված Պետրոպավլովյան ամրոցում:



Կենդանու առաջին խնամակալն էր ունտեր-սպա Կոնոն Իվանովը: Նրան տեղեկացրել էին, որ Հնդկաստանում ռնգեղջյույին կոչել էին Սեմիրամիդ: Սակայն Իվանովը որոշում է կրկին անվանակոչել գազանանացի նոր բնակչին: Նախ անվանում է Միրեմիս, իսկ հետո՝ ուղղակի Մոնկա կամ Մոնյա:
Նալբանդյանի «հոգեզավակը» ապրեց մինչև 1887 թվականը: 28 տարեկան էր, երբ սատկեց: Այսօր էլ այդ կենդանու խրտվիլակը ցուցադրվում է Մոսկվայի կենդանաբանական թանգարանում: Մոսկովյան արխիվներում հրաշքով պահպանվել են Նալբանդյանի ռնգեղջյուրի երկու լուսանկար:



© Հովիկ Չարխչյան