Որ մեզ մոտ պետությունը, հարկայինը, մաքսայինը, սանէպիդեմ կայանը, սննդի պետ. տեսչությունը ու առհասարակ հազար հատ պետական ու նաև ոչ պետ.մարմիններ ու գործակալություններ դժվարացնում են մանր բիզնեսի կյանքը, դա փաստ է: Իհարկե, այդ փաստը այդքան էլ միանշանակ չէ, բայց դե մանր բիզնեսն առիթը բաց չի թողնում նրանցից դժգոհելու ու ասելու, որ նրանց պատճառով գործերը շատ վատ են:
Ես չեմ «տառապում» նախատոնական գնումներով, սակայն մի հստակ միտում դեռ վաղուց եմ ֆիսել (ու վստահ եմ ոչ միայն ես):

 


Մանր բիզնես ասածը, հատկապես առևտրի (բանջարեղեն, սննդի այլ կետեր, խաղալիքի խանութներ և այլն) մանր կետերը, նախատոնական այս շրջանում մեծ հաշվով ունեն մեկ ամիս (մինչև դեկտեմբեր 31-ը) անելու իրենց առևտուրը: Ընդ որում իրենք այդ հատվածում պետք է կարողանան երկու ամսվա առևտուր անել, քանի որ եկող հունվար ամիսը (ինչպես նաև փետրվարի մի մասը) «մեռած» կլինի առևտրի տեսանկյունից: Տրամաբանական է, որ նախատոնական շրջանում պահանջարկը լուրջ ավելանում է: Ուստի առևտուրի հնարավոր քանակն էլ պետք է ավելանա: Այս ամենից բացի ավելանում են նաև գները: Կասեք տրամաբանական է, պահանջարկը ավելացավ, ուստի առաջարկի գները պետք է նույնպես ավելանան՝ տնտեսագիտական օրինաչափություն է: Սակայն այս պարագայում կա երկու հանգամանք, որ մեր պայմաններում(կան նաև մի շարք գործոններ, որոնց վրա ես չեմ կենտրոնանա) պետք է հաշվի առնել.

 


առաջինը՝ այդ մանր առևտրի կետերը այս փոքր հատվածում պետք է հասցնենալ երկու ամսվա շրջանառությունը, ուստի ժամանակի առումով սահմանափակված են,
երկրորդը՝ մեր պարագայում վարվող տնտեսական կուրսի ներքո ու մի շարք օբյեկտիվ հանգամաների զորու բնակչության սոցիալ-տնտեսական գնողունակությունն ընդգծված նվազում է. սա վերաբերում է հասարակական բոլոր շերտերին, բացի գերհարուստներից, ովքեր մանր բիզնեսի տիրույթի հաճախորդ չեն: Ասենք, եթե նախկինում միջին քաղաքացին ենթադրենք 5 կգ մանդարին էր գնում, հիմա գնում է 3-ը:
Ինչի է հանգեցնում այս ամենը. շրջանառությունը նվազում է, ուստի նվազում են եկամուտները, ուստի հունվարը դառնում է ծանր ամիս, հետևաբար մեղավորն է ով՞, իհարկե՝ պետությունը:

 


Նման պայմաններում, ապրանքների վաճառքի գնի նվազման ոչ մեծ քայլերը կարող են բավական շոշափելի էֆեկտ ունենալ: Արդյունքում սպառման ծավալն էականորեն կարող է մեծանալ: Էժան ապրանք գնող բնակչությունը վաճառողների համար աղքատ երկրում կարող է ապահովել սպառման շոշափելի ծավալներ, ու դրա հաշվի նաև մեծ շահույթ: Մինչդեռ մեզ մոտ ամեն բան հակառակն է:

 


Ավելին՝ մեզ մոտ տոնական զեղչերին նախորդում են տոնական գների ավելացումները, ապա նոր միայն զանգվածային «զեղչերը»: Երևի իրականում մենք լավ բիզնես չենք կարողանում անել: Մեզ մոտ կամ «կպցնելու» վրա է, կամ «մանր շուստրիության տիրույթում»: Չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց դե ունենք այն ինչ ունենք:
Հ.Գ. ոչ տնտեսագետի «տնտեսագիտական վերլուծություն»

 

 

Ալեն Ղևոնդյան