Քաղաքականության և ժամանակակից հասարակական հարաբերություններում բավականին շատ են գործածվում թևավոր խոսքեր և համեմատականներ, որոնք, սակայն, հաճախ ճիշտ չեն ընկալվում: Հաճախ է հանդիպում «Պյուրոսյան հաղթանակ» եզրույթը:
Պյուրոսը հելլենիզմի ժամանակաշրջանի զորավար է (մ․թ.ա.319-273/272), Էպիրոսի թագավոր (307-302 և 296-273 թվականներին)։ 279 թվականին Օսկուլում քաղաքի մոտ Պյուրոսը մեծ զոհերի գնով հաղթել է հռոմեացիներին։

 


Հունական բանակի ծայրահեղ անելանելի վիճակը Պյուրոսին ստիպել է հռոմեացիներից խաղաղության դաշն հայցել, սակայն ստացել է բացասական պատասխան: Ավելին, սենատը որոշել է ոչ միայն խաղաղություն չկնքել, այլ անցնել կտրուկ գործողությունների: Պլուտարքոսը պատմում է, որ հերթական ճակատամարտից հետո Պյուրոսի կորուստներն այնքան մեծ էին, որ նա ասել է. «Եվս մի նմանօրինակ հաղթանակ, և ես այլևս զորք չեմ ունենա»:
Ժամանակակիցները Պյուրոսին համեմատում էին «զառ խաղացողի» հետ: Ասում էին, որ թեև նա կարողանում էր լավ «զառ բռնել», բայց չէր կարողանում ճիշտ ու գրագետ խաղալ, օգտվել այդ հնարավորությունից, ինչը նրա համար կործանման առիթ է դարձել:

 


Արգոս քաղաքի պաշարման ժամանակ, երբ ողջ քաղաքը քնած է եղել, նրա զորավարները փորձել են աննկատ մտնել քաղաք, սակայն արքայի հրամանով նրանք ստիպված են եղել գործի դնել մարտական փղերին: Քաղաքի դարպասները չափազանց ծանր են եղել, որպեսզի մարտական աշտարակներով սպառազինված փղերը մտնեն քաղաք և պյուրոսյան բանակը ստիպված է եղել հանել այդ աշտարակները, այնուհետև կրկին տեղադրել դրանք, ինչի արդյունքում մեծ աղմուկ է բարձրացել քաղաքի ներսում: Քաղաքի նեղ փողոցներում և նրբանցքներում հսկա կենդանիներն անկարող են եղել որևէ կերպ պայքարել և արգոնացիները հեշտությամբ տապալել են մեծամիտ ու քմահաճ Պյուրոսին:

 


Քաղաքագիտական բառարանում «Պյուրոսյան հաղթանակ» եզրույթը բացատրվում է որպես ուժասպառ եղած զորքի հաղթանակ, որին հասնում են մեծ կորուստների շնորհիվ: Ընդհանուր առմամբ այս թևավոր խոսքի կիրառումն ունի բացասական բնույթ:
Կարելի է ասել, որ այդպիսի հաղթանակը համահավասար է պարտության, քանի որ հաղթողը և հաղթվողը մնում են նույն հարթության վրա' չշահելով ոչինչ:

 

Արմեն Հովասափյան