Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ը օգնում ու օժանդակում է սիրիական ու իրաքյան, իսկ ոչ այդքան հրապարակային տիրույթում՝ եվրոպական երկրների միջոցով նաև Թուրքիայում ապրող քրդերին, գործող քրդական շարժումներին:

 


Տարիներ շարունակ ռուսները(սկսած դեռ ԽՍՀՄ տարիներից) սկզբում հատուկ ծառայությունների մակարդակում, իսկ հիմա էլ արդեն պաշտոնական մակարդակում են սկսում աշխատել քրդերի հետ և զենք, ռազմական այլ բնույթի օժանդակություն են տրամադրում նրանց:
Սակայն հարկ է նշել, որ քրդերը միատար ու իրենց ապագայի մասին միանման կարծիք չունեցող էթնիկ կոնգլոմերատ են, ու եթե նրանց հետ «լավ» կամ «շատ լավ» աշխատեն (Վաշինգտոնը ու Մոսկվան), ապա առկա խորը հակասությունները միացյալ ու անկախ պետության հեռանկարի գնով միգուցե կարող են և հարթեցվել:
Ռուսական Սու-24-ի խոցումից, իսկ այսօր էլ դաշնակիցների ՀՕՊ համակարգերի՝ Թուրքիայից դուրս բերելու արդյունքում, երբ Թուրքիայի հարավ-արևելքում փաստացի քաղաքացիական պատերազմ է, իսկ ՌԴ-ի կողմից հակաթուրքական հռետորաբանությունը որևէ կերպ չի նվազում՝ թուրքական ռեգիոնալ ազդեցության հեռանկարը տարածաշրջանում օբյեկտիվորեն բավական մշուշոտ է դառնում:

 


Արդեն տևական ժամանակ արևմտյան դիվանագիտական խողովակներում խոսվում է «քրդական» պետության ստեղծման մասին, որը կարծես ուղղնիշային է դառնում Մերձավոր Արևելքում նոր քարտեզագրության մեջ: Ավելին՝ նրանք այդ մասին արդեն չեն էլ խորշում երբեմն բացահայտ հայտնել: Թուրքիան լավ գիտակցում է, որ իր հարավային հատվածում նման ծրագրեր են առկա, ուստի ամեն կերպ դա պետք է ձախողել: Սակայն մինչ օրս ձևավորված իրավիճակը ու Անկարայի քայլերը որևէ կերպ իրենց մեջ չեն արտացոլում նրա՝ այդ նպատակադրումը:

 


Ռեգիոնում ներկա օրինաչափությունը այս պարագայում այն է, որ այսօր ԱՄՆ/Արևմուտք - ՌԴ հակադրության բոլոր կողմերի շահերը քրդերին օժանդակելու հարցում գրեթե նույնական են, ուստի Թուրքիային գալիք տարի մեծ մարտահրավերներ են սպասում: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է զինվենք:

 

Ալեն Ղևոնդյան