Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով՝ գործադիրը հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:

 


Որոշման հիմնավորման համաձայն, այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ՝ կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ, որոնց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել:

 


Տեխնիկական կանոնակարգի նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ' ՀՀ տարածք ներմուծվող, ՀՀ տարածքում արտադրվող և (կամ) շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար: Կանոնակարգով սահմանվում են նաև պահանջներ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգի համար՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով:

 

Մանե Զաքարյան