Նոր գործարանների ու արտադրամասերի կառուցումը կրկնակի դրական ազդեցություն է թողնում բնակչության կենսամակարդակի ու տնտեսության վրա: Օրերս ՀՀ կառավարության նիստում հայտնի դարձավ, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան' հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գործադիրն էլ իր հերթին որոշում է կայացրել «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգել:
Հարկ է նշել, որ ծրագրի իրականացման համար ընկերությունը կներդնի շուրջ 16.8 մլրդ դրամ, որից մոտ 102.2 մլն դրամը' սարքավորումներ ձեռք բերելու համար: Սպասվում է, որ վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել իրանական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով էլ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 100 մլն դրամի արտադրանք (2016թ), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում:
Հատկանշական է, որ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի շուրջ 150 աշխատատեղ:
Արմեն Վարդանյան