Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղեւը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն, իսկապես, թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է:
Նուռը ծաղկում է մայիսից մինչեւ աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերեւները, արմատը եւ բնի կեղեւը պարունակում են մինչեւ 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք եւս օգտագործվում են թուրմի եւ վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին:
Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար՝ կարեւոր է օրական մեկ հատ նուռ ուտել:
Արքայական միրգը օգտակար է նաեւ աղիների խնդիրներ ունեցողների համար: Դրա համար նռան չորացած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գրամ եռացնել մեկ բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը երկու անգամ' երկու ճաշի գդալ չափաբաժնով:
Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաեւ ականջի ու քթի հիվանդությունների համար: Մեկ նռան հատիկը տրորել ու խառնել հարյուր գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավացող մասին ու պահել՝ մինչեւ ցավը մեղմանա:
Այն նաեւ շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել՝ հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը' օրվա մեջ 4-5 անգամ:
Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:
Ամեն օր մեկ բաժակ նռան հյութը տղամարդկանց կօգնի պայքարելու իմպոտենցիայի դեմ:
Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նռան կալորիականությունը 52 կկալ է՝ հարյուր գ. համար: Եթե չեք սիրում նուռ կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան ձեզ համար չէ:
ՆՌԱՆ ԴԻԵՏԱ
ՃԱՇԱՑԱՆԿ
ՆԱԽԱՃԱՇ. Միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ:
ՃԱՇ. Եփած հավի միս, մեկ բաժակ նռան հյութ:
ԸՆԹՐԻՔ. 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ:
Դիետայի տեւողությունը 5 օր է: Այս ընթացքում կկորցնենք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանանք վիտամինային համալիրներ օգտագործել եւ, ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:
ՆՌԱՆ ՀՅՈՒԹԸ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՐ
Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել: 2 ամսից հետո անհրաժեշտ է ընդմիջում անել՝ 1 ամիս տեւողությամբ: Աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը բժշկի հետ խորհրդակցել: Չէ՞ որ նուռը փորկապություն է առաջացնում:
ՆՌԱՆ ԹՈՒՐՄԸ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականությունը բարձրացնող եւ ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է: Այն կարելի է լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ եւ մոտ կես ժամ հետո գոլորշու վրա եփել, ապա ստացված թուրմը թանզիֆով լավ քամել: Ջրի ծավալը պետք է սկզբնականի չափ դառնա: Օրական 2-3 անգամ հիսուն գրամ խմել' ուտելուց առաջ:
Դիմադրողականությունը բարձրացնելու եւ ուժերը վերականգնելու համար՝ 1 թեյի գդալ չոր կեղեւի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, 15 րոպե եփել եւ 2 ժամ թրմել: Այնուհետեւ քամել եւ օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 գդալ խմել: Հաստ աղիքի հաճախակի բորբոքման եւ փորլուծության ժամանակ հիանալի բուժամիջոց է:
ՆՌԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ
Որպես դիմահարդարման միջոց' նուռը շատ հաճախ է օգտագործվում. առաջին հերթին' մեծ քանակությամբ կիտրոնաթթվի պարունակության շնորհիվ: Նռան օգնությամբ կարելի է վերացնել պիգմենտացիան, բծերը, ազատվել բշտիկներից ու պեպեններից, ինչպես նաեւ դեմքը սպիտակեցնել: Նուռը նաեւ երիտասարդացնող միջոց է: Ցանկացած մաշկի համար կարելի է սնուցող քսուկ պատրաստել'6 գդալ թթվասերով եւ երեք թեյի գդալ նռան հյութով: Խառնուրդը քսել դեմքին, վզի եւ լանջաբացվածքի շրջաններում, 15 րոպե անց տաք ջրով լվանալ: Կորյակները հեռացնելու համար՝ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նռան հյութը, 1 թեյի գդալ աղը եւ օճառափրփուրը խառնել իրար: Այս դիմակը դեմքի վրա պետք է պահել 2 րոպեից ոչ ավել:
Վրեժ Հովսեփյան