Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարների և «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ քառակողմ հանդիպում: Հանդիպումն ավարտվեց հուշագրի ստորագրությամբ: Այն հնարավորություն կտա բարձրացնել էներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէնեգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը:
Այսպիսով Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ է ստանում:
Ներկայացնելով էներգետիկ համակարգի թողունակության և հզորությունների ավելացման նպատակով նախապատրաստվող ներդրումային ծրագրերը' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան նշեց, որ նախատեսվում է մինչև 2018 թվականը շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը: Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ սինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն: Բացի այդ' կրկին 2018-ին նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը: Դա հանարավորություն կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել մինչև 1200 Մվտ հզորության:
«Նախատեսվում է արագ ժամկետներում ձևավորել աշխատանքային խումբ, որ մինչև 2018 թվականը ստեղծի տեխնիկական ու նորմատիվ իրավական դաշտ նշյալ ծրագրերի աշխատանքները կազմակերպելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի մյուս տարվա ապրիլին»,-ավելացրել է նախարարը:
Հայկ Համբարձումյան