Կառավարության նիստի ավարտին հայտարարությամբ հանդես գալով, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ: Նա մասնավորապես հետեւյալն է ասել. «Մյուս տարվա, ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում:
Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ մենք առաջարկում ենք հետևյալը. բոլոր աշխատողներն ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Նման անհրաժեշտության դեպքում, այսինքն տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա:
Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:
Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս: Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին առանձին թույլտվություն ստանալու համար, մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ թռիչքը միանգամյա չէ, այլ տրանզիտ թռիչք է և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է հինգ ժամը: Այդ դեպքերում հնարավոր են այլընտրանքային տարբերակներ առանձին թույլտվության հիման վրա: Սա, իհարկե, չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, ուղղակի դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին»:
Կարինա Սանթրոսյան