Համացանցից վերցրած այս հազվագյուտ արխիվային լուսանկարում՝ հայոց բնօրրան Կարսում քեմալական Թուրքիայի զինուժի զորահանդեսն է՝ խորհրդային Կարմիր բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ զորահանդեսը կայացել էր թուրքերի կողմից Կարսի ռազմակալման մեկամյա «տարելիցի» առիթով, 1921 թ. հոկտեմբերի 30-ին՝ հայերից արդեն ի սպառ դատարկված քաղաքում, իսկ հրապարակի շինությունը՝ Ալեքսանդր Նևսկու ռուսական ուղղափառ եկեղեցին է, որը ներկայումս ամբողջությամբ վերափոխված է մզկիթի:

 

 

 

Այդ վերը նշված իրադարձությունից ընդամենը երկու շաբաթ առաջ, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացման և Կարսի մարզի հայկական բնակչության էթնիկ զտման պայմաններում՝ ստորագրվել էր հայ ժողովրդի համար ստորացուցիչ Կարսի պայմանագիրը: Այդ դավադիր հանցագործության ծանր հետևանքները մեզ զգացնել է տալիս մինչ հիմա և դեռ կշարունակի մեզ վնասել՝ քանի այն չի չեղարկվել:

 

 

 

Պատմական բումերանգի օրենքին համապատասխան, այսօր արդեն ականատես դարձանք, թե ինչպես Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մեղադրեց Ռուսաստանին թուրքմենների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ՝ Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսում: Դրան ի պատասխան ռուսական արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան կտրուկ հայտարարեց, որ Թուրքիան «բացարձակապես կորցրել է իրականության ընկալումը, իսկ նմանատիպի պնդումները՝ ուղղակի անհիմն են և անհեթեթ, և դրանք ավելի ու ավելի են թուրքերի կողմից Ռուսաստանի հանդեպ անթաքույց ատելության դրսևորումներ հիշեցնում»:

 

 

Ռուբեն Շուխյան