Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով հայերի բարդ կացության, ռուսական կողմի հայերի հանդեպ անկանխատեսելի վերաբերմունքի և վրացիների արդարացված զգուշավորության մասին' Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հուշերում:
«…1915 թ. ռուսական բանակը մտավ Թուրքիայի խորքերը: Հայ կամավորները, միշտ որպես առաջապահներ, քաջորեն կատարում էին զինվորական իրենց բոլոր աշխատանքները՝ որպես կռվողներ, հետախույզներ և պաշտպաններ հայ գաղթականության: Կովկասի մեջ կատարվեցին վարչական մեծ փոփոխություններ: Սկսվեց նոր քաղաքականություն, նոր շրջան: Փոխվեց և վերաբերմունքը դեպի հայ կամավորները: Ես, որպես ներկայացուցիչ հայ կամավորական բանակի, իսկույն զգացի վերաբերմունքի այդ փոփոխությունը, որի գլխավոր պատճառներն հետևյալն էին՝ 1-ին. ռուս կառավարությունը վախենում էր, որ հայ կամավորական բանակը, լեհ կամ չեխ լեգիոնների նման, կարող էր խոչընդոտ հանդիսանար շրջանի ռուսացմանը, 2-րդ. Արևմտյան Հայաստանը գրավելուց հետո՝ կամավորների դերը համարվում էր վերջացած, 3-րդ. Արևմտյան Հայաստանում այլևս հայեր չկային, մնացել էին քրդեր, որոնց ռուս կառավարությունը ուզում էր սիրաշահել և այդ նպատակով ուղարկել էր հատուկ գործակալ իշխան Շախավսկոյին, 4-րդ. մթերքի և հրացանների պակասը Եվրոպական ճակատում ստիպում էր ետ առնել հայ կամավորների երեքգծանի հրացանները և փոխարինել դրանք բերդաններով:
…Հայ կամավորների կացությունը ողբերգական էր դարձել: Ռուսական իշխանությունը, արդարացնելու համար իր այդ վերաբերմունքը, կամավորների վրա բարդեց ծանր հանցանքներ՝ մեղադրեց նրանց դասալքության, քրդերի դեմ բռնություններ գործադրելու մեջ: Ես պահանջեցի քննություն կատարել, որը և ցույց տվեց այդ լուրերի անհիմն լինելը: Պարզ էր, որ բոլոր այդ զրպատությունները մեկ նպատակ ունեին՝ զինաթափել հայ կամավորական խմբերը: …Մենք անկարող էինք սակայն, ինչպես անկարող ենք և այսօր, մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Չէ՞ որ մեր քաղաքական բախտը նրա ձեռքին էր լիովին: Մեզ մնում էր համաձայնվել, համակերպվել, խնդրել, որովհետև՝ ուժ չունեինք մեր կամքը պարտադրելու համար: Այսօր էլ մեզ վիճակված է ազգային նույն դժբախտությունը…
Հայերի մեջ էլ կային մարդիկ, որ քննադատում էին կամավորական շարժումը: Հայ սոցիալ-դեմոկրատներն գտնում էին, որ առանց շոշափելի օգուտի կամավորական շարժումը կնետի մեզ Ռուսաստանի գիրկը, այսինքն՝ դաշնակիցների (Անտանտի) գիրկը, որի համար մեր հարևան վրացիներն ու թաթարները թշնամանքով էին վերաբերվում մեզ: Իհարկե, որոշ ճշմարտություն կար այս քննադատության մեջ: Սակայն՝ պետք էր ընդհանրապես փոխել հայ քաղաքականությունը թուրքերի հանդեպ: Վրաց սոցիալ-դեմոկրատ ականավոր գործիչներից մեկը, զրույցի ժամանակ ինձ ասաց, թե իրենք լսել անգամ չեն ուզում կամավորական բանակի մասին. «Բավարար է արդեն այն, որ տասնյակ հազարավոր վրացիներ կռվում են ռուսական ճակատներում»: Դեռ ընդհակառակը՝ վրացիները մեկ կամավորական խումբ կազմեցին, որը կռվեց թուրքերի կողմից՝ ռուսների դեմ: Երկդիմի այս քաղաքականությունը՝ բնավ էլ չվնասեց վրացիներին:
…1916 թ. փետրվարին ռուսները գրավեցին Էրզրումը: Կամավորական խմբերի անհրաժեշտությունը դառնում էր ավելորդ: Սկսվեց հաշվեհարդարը: Նախ՝ ազատ արձակվեցին նրանք, ով կամենում էր հանգստի գնալ: Մնացած ստորաբաժանումները վերածվեցին ռուսական գնդերի, որոնք գլխավորեցին ռուս կամ հայ զինվորականները: Արձակվեցին հայ հրամանատարները, և 1916-ի գարնանը վերջացավ կամավորական բանակների վերակազմությունը, որն ունեցավ երկու տարվա գոյություն' 1914 թվականի ամառվանից՝ մինչև 1916 թվականի ամառը…»: («Երիտթուրքերի և Ռոմանովների միջև», «Հայրենիք» ամսագիր, թիվ 12, 1932):
Ռուբեն Շուխյան