Եթե նկատի ունենանք, որ այս պահին Հայաստանում մոտ 900 հազար մարդ դեռևս աղքատ է համարվում, ապա նման տեմպով տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, մեզ մոտ աղքատությունը կվերանա միայն 12 տարի հետո: Հետևաբար, խնդիրը տնտեսական ավելի բարձր աճ ապահովելն է, այլ ոչ թե 2 տոկոսով աղքատության նվազումը անհավանական կամ սուտ համարելը:

 


Կարևոր հարցերից մեկը վերաբերվում է աղքատության սուբյետիվ ընկալմանն ու ըստ մարզերի աղքատության ցուցանիշներին: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը' 18,2 տոկոս և Արագածոտնի մարզը' 18,7 տոկոս, մինչդեռ Երևանն ունի' 25,2 տոկոս աղքատության ցուցանիշ, իսկ մյուս մարզերում աղքատության ցուցանիշը սկսվում է 29 տոկոսից հասնելով մինչեւ 44 տոկոսի:
Կարելի է մտածել, որ Արագածոտում և Վայոց Ձորում բոլորովին այլ տնտեսական կացություն է: Իրականում ոչ հարուստ և բարեկեցիկ Արագածոտնի և Վայոց Ձորի, գյուղմթերքների հիմնական շտեմարան Արարատի մարզում աղքատությունը 28,5 տոկոս է, Արմավիրի մարզում' 29 տոկոս: Ինչպե՞ս կարող է Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում կենսամակարդակը ավելի բարձր, իսկ աղքատությունը' ավելի ցածր լինել, քան Արարատի և Արմավիրի մարզերում:

 


Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք հարցվողների պատասխանների անկեղծության հետ: Ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք Արարատն ու Արմավիրը, մասամբ նաև մայրաքաղաք Երևանը: