Այսօր կառավարությունը հաստատեց այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում:
Որոշման ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում համակարգված մաքսային քաղաքականության իրականացման և այդ շրջանակում համաձայնագրերի և այլ իրավական ակտերի կիրառկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ «Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» համաձայնագիրը սահմանում է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն և հիմքեր: Որոնցից են՝ ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի ներմուծումը, եթե ներմուծվում են արդյունաբերական վերամշակման ընթացքում դրանք օգտագործելու համար:

 


Այս դրույթով նշված ապրանքների ցանկի սահմանումը Համաձայնագրով վերապահվում է Մաքսային միության անդամ պետություններին: Ցանկում ներառված ապրենքների ներմուծման դեպքում մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է հետաձգվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:
Համաձայնագրի կոնտեքստում «արդյունաբերական վերամշակում» նշանակում է արտադրության մեջ ապրանքների օգտագործումը նոր ապրանքներ ստանալու համար, որոնց ծածկագիրը, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն, ցանկացած առաջին չորս նիշերի մակարդակով տարբերվում է արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող ապրանքների ծածկագրից:

 


Կարգավորման նպատակը տեղական արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է, որն կնպաստի ներքին արտադրության խթանմանը և դեպի արտահանում ուղղված տնտեսության զարգացմանը:

 

Անի Սանոսյան