Առաջիկա նոյեմբերի 26- ի նիստում կառավարությունը մտադիր է հավանություն տալ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին՝ արտոնյալ, տոկոսադրույքը՝ կողմնորոշիչ, ֆիքսված է ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանման չափով, որը տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվի և տոկոսադրույքի սահմանման ամսաթվի միջև /չի կարող գերազանցել 6,25 տոկոսը և չի կարող պակաս լինել 0,25 տոկոսից/, պարտավորության վճարը՝ տարեկան 0,5 տոկոս, միանվագ կոմիսիոն վճարը՝ վարկի գումարի 0,5 տոկոսի չափով, ժամկետանց վճարումների տույժը՝ տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3,5 տոկոս սփրեդ, իսկ չեղարկման վճարը կկազմի վարկի չեղարկված գումարի 2,5 տոկոսը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը ներկայացրել է հարցը, հաշվի առնելով վերը նշվածը, նպատակահարմար է գտնում որոշման ընդունումը: Հրատապությունից ելնելով ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը շահառու գերատեսչությունների միջև չի շրջանառվել:
Տնտեսական անկյուն