Հանրապետության հրապարակը' 1916 թվականին... Նկարում' Երևանի ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքն է 1916-ին, հեռվում' Արագած լեռն է: Հրապարակը ուղղահայաց հատող փողոցը' Աստաֆյանն (Աբովյան) է, որտեղ երևում է փողոցով երթևեկող կոնկան (ձիաքարշը): Հրապարակը հորիզոնական հատողը' Ցարսկայա (Արամի) փողոցն է (փողոցում կայանված են ավտոմեքենա և ձիակառք), իսկ այս փողոցի վրա գտնվող երկհարկանի շենքի տեղում' ներկայիս Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքն է տեղակայված:
Միջնադարում Երևանն արդեն ձևավորված քաղաք է եղել: Երբ 1502 թ. Սեֆյան Իրանը տիրանում է Արևելյան Հայաստանին' այս տարածքների վրա ստեղծվում է Երևանի կուսակալություն վարչական միավորը։ Եվ քանի որ միջնադարյան Հայաստանի ծաղկուն քաղաքները՝ Դվինն ու Անին, ավերվել ու անկում էին ապրել, ուստի կուսակալության կենտրոն է ընտրվում մոտ 20 հազար՝ բացառապես հայ բնակչություն ունեցող Երևանը։ Իսկ այն ժամանակվա Երևան քաղաքի վարչատարածքային կենտրոնը եղել է հենց ներկայիս Հանրապետության հրապարակը:
Արդեն ռուսական տիրապետության օրոք հրապարակը հիմնովին վերակառուցվեց ու ստացավ լուսանկարում պատկերված տեսքը: Նշենք, որ հրապարակի տարածքում' գետնի տակ առկա են բազամաթիվ միջնադարյան կառույցների հիմքեր, որոնք ի հայտ եկան տարիներ առաջ հրապարակում իրականացված վերակառուցման ընթացքում: Ընդհանրապես Երևանի միջնադարյան պատմությունը քիչ է ուսումնասիրված' բուն քաղաքում հայկական տարրի մշտական ներկայությունը լիարժեք լուսաբանելու առումով, որից էլ օգտվում են հարևան երկրի վայ-«պատմաբանները»:
Ռուբեն Շուխյան