Վերջին 10 տարում ՏՏ ոլորտի աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են միջին տնտեսական ցուցանիշները, հասնելով տարեկան 15-25%-ի: Այս պահի դրությամբ Հայաստանում մոտ 15 հազար ծրագրավորող կա, ևս 2 հազար աշխատատեղ թափուր է:
Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մասին փաստում են նաև արտասահմանյան լրատվամիջոցները: Այդ թեմային է անդրադարձել նաև ռուսական «Կոմերսանտ»-ը, որտեղ նշվում է հայ ծրագրավորորողների մեծ պահանջարկի մասին միջազգային շուկայում:
Հոդվածում կա նաև անդրադարձ հայկական հաջողակ ընկերությունների մասին:
Հայաստանում այսօր սկսնակ ընկերությունների բում է նկատվում :

 


Տեղի ձեռներեցների խառնվածքն ու հավակնությունները կյանքի են կոչվում սեփական գլոբալ ստարտափերի ստեղծման միջոցով: Դրան է նպաստում վենչուրային և ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացումը: Հաշվի առնելով ՏՏ ոլորտի աճի տեմպերը' այս միտումը վկայում է այն մասին, որ 1-2 տարուց երկրում կարող են հայտնվել տասնյակ հաջողակ սկսնակ ընկերություններ, որոնք հետաքրքիր կլինեն վենչուրային ներդրողների համար:
Ռուսական թերթը բարձր է որակում նաև մեր ծրագրավորողների ոչ մասնագիտական որակները: Մասնավորապես նշվում է, որ հայերը արագաշարժ են, հարմարվող և լավ ուղեղ ունեն: Այս պատճառներով է, որ այսօր օտարերկրյա ՏՏ ոլորտի ընկերությունները գրասենյակներ են բացում Հայաստանում, որտեղ բարձր մակարդակի մասնագետներ են աշխատում:

 

Անի Սանոսյան