Մարդիկ ապրում են, որ ինչ-որ բան պատահի... լավ-վատ կարևոր չէ... կարևորը մարդիկ չեն հասկանում, որ վաղը, միգուցե մյուս օրը նրանք չեն լինելու ու աշխարհը շարունակելու է մարդու լավ-վատ օրերի համար պատասխան տալ: Երանի նրան, ով ամեն բան անում է, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի... Չեմ կարծում, որ պատահական էր ինքս ինձ հետ մենակ մնալն ու կրկին փորփրելու իմ ներսում մնացած ծառերի տերևաթափը, որտեղ մտածելու համար անգամ տեղ չկար գնալու:

 

Ես չեմ ազդարարել տերևաթափն իմ ներսում, մինդեռ տերևները հատիկ-հատիկ, առանց ինձ հարցնելու, ծառերին տկլոր էին թողնում... ու ես անհաղորդ ու սառը, ընկնում եմ ծառերի ճյուղերի վրա, որ մեկը հանկարծ չասի՝ էս ինչ օրի ես... Ամեն տերևի հետ, ամեն բացվող լույսի ու խավարի հետևից ձայն հանող այն մեկը, ով քիչ է խոսում, փոխարենը արտահայտելու համար ըստ էություն և բովանդակություն է որոնում... չգիտեմ, ուր տարավ մտքերս և նույնիսկ չգիտեմ ինչ ստացվեց, բայց հույս ունեմ, որ կգտնվի մեկը, ում համար իմ մտատանջություններն ու հետընթացի մեր ներքին վախերը կսառեցնի, նույն տեղում պտտվելու անիվը պտտող այնուամենայնիվ կհայտնվի ու դեպի վեր, ու դեպի վեր...

 

 

Թմրել են ծառերը աշնան պաղ, աշնան արևի հետ մենակ, ինչպես մարդու մենակությունը, որտեղ հարց ես տալիս՝ մարդը ինչի համար է ապրում ու գիտես հետաքրքիրը, որն է, որ մարդիկ միշտ գտնում են իրենք իրենց ու կյանքը համարում այնպիսին, ինչպիսին որ իրենք են ու իրենց ապրած կյանքը: Մարդը ինքնահատուկ մեկն է, ով միշտ որոնում է, մինչդեռ գտնելուց զատ կարծում է, թե դեռ այն ճանապարհին է, որտեղից դեռ պետք է սկսի: Եվ այս անվերջանալի հարց-պատասխանը մնում է մարդու ողնաշարի, հետո այն արտահայտվում է մարդկային աներևակայելի, երբեմն ճշմարտությունների ետևից հասնող, նույնիսկ սրտի կծկումների մեջ ապրող մեկը, ով մարդ լինելու հաստատման մեջ անգամ պետք է ազնիվ լինի:

 

 

Մարդուն գոյավորում է միտքը ու միտքն է թելադրում, քո ամրակայված սկզբունքների ու արտառոց թվացող էությունը... Մենք այժմ մեր հողը սիրելու խնդրի առաջ ենք կանգնած, մենք բավարար չափով սեր ու քնքշություն չենք տալիս հողին, հողն էլ դրա համար կնճռոտվել ու տարվա եղանակների հետ համահունչ չի գնում, խաղում է, ինչպես որ մենք ենք խաղում, ցույց տալիս, թե ինչքան մտահոգ ենք, սակայն մտահոգությունը մի-մի բաժակաճառով ավարտում ենք ու ընթացքում հողը դառնում է մեր ոտքերի տակ անհույս, ինչպես որ մեր կյանքն ենք մենք ահույս դարձրել: Ու գնում ենք ինչ-որ որոնումների, փնտրտուքների, մոլորությունների հետ խառնվելով, այդպես էլ ճանապարհին գլխիկոր հետ-առաջ ենք անում, մնում սպասող օրվա, անհիմն դադարներով ու ընթացքում քարերը մնացին հողի տակ ու այդպես էլ մեկը չուզեց, որ հողից քարը դուրս քաշի... դրա համար էլ մոլախոտները բազմեցին մեր շուրջն ու մեզ վերևից սկսեցին կառավարել:

 

 

Եվ այս ողջ ընթացքում, մենք մնացինք Արարատին սպասող, Արարատով հպարտացող, մեր կորցրած տարածքների համար ծնկծեծելու սովորության ու կեսակերպ դարձավ այն, որ դե մենք ինչ կարող ենք անել, որ չենք անում... Ու մեզնով քանի դեռ հպարտացել են շատերը, մենք այդ հպարտության տակ ենք մնացել, մինչդեռ կորցրել ենք նորը ստեղծելու, փոխարենը եղածը ոչնչացնելու համար, ծախելու, օտարի առաջ գլուխ խորնարհելու համար մի հատիկ մեկը, ով պատրաստ է զիջումների գնալ: Մարդիկ հրմշտում են իրար խառնաշփոթի մեջ, նրանք միայն խոսում են լիազորությունների, մոռանալով պարտականությունների մասին: Ես դեռ հույսս վերջնականապես չեմ կորցրել ապրելու... մնում եմ սպասող և արարող մեկը, ով իր նմաններին տեսնելու համար պատրաստ չի լինելու գլուխը կախել, այլ հպարտությամբ է տալու նրանց անունը...

 

 

Արթուր Հայրապետյան