Երբ սիրելիդ ցանկանում է խզել կապերը...

Մի օր սիրելիդ զանգեց և ասաց, որ ձեր միջև ամեն ինչ վերջացած է:

Հարաբերությունների խզում
Դեռ երեկ ամեն ինչ հրաշալի էր. նա քեզ ծաղիկներ էր նվիրում, ուշադիր էր, սիրալիր, քեզ ասում էր «արևս», «կյանքս», այլ քնքուշ խոսքեր: Նույնիսկ «համարձակվել» էր ծանոթանալ մայրիկիդ հետ և հաճելի տպավորություն էր թողել նրա վրա: Ամուսնության մասին խոսակցություն ձեր միջև դեռ չէր ծավալվել, բայց ամեն ինչ տանում էր դրան. ենթադրում էիր, որ շուտով քո մատնեմատը կզարդարվի ամուսնական մատանիով: Եվ հանկարծ տեղի է ունենում անկանխատեսելին. նա զանգում է քեզ և ասում, որ ամեն ինչ վերջացած է: Ընդ որում' առանց բացատրությունների ցած է դնում լսափողը:

Ինչպե՞ս պահել նման իրավիճակում: Որո՞նք են ձեր սիրո նավի ուղղության նման կտրուկ փոփոխության պատճառները և, վերջապես, արժե՞, չնայած սիրելիիդ վճռականությանն ու կտրուկ պահվածքին, փորձել վերադարձնել ամեն ինչ նախկին հունին: Թե՞ բարձն արցունքներով հեղեղելով' առերես երջանիկի տեսք ընդունել և մտովի գրողի ծոցն ուղարկել նրան:

Նախևառաջ' պետք է հասկանալ' որոնք են առաջին հայացքից տարօրինակ այդ պահվածքի շարժառիթները:

Երբ նա ցանկանում է հեռանալ1-ին ամենատարածված պատճառը' չարակամների որոնում:
Նախանձն այնպիսի զգացմունք է, որը տիրելով մարդուն, դրդում է նենգության և դավադրության: Ուշադիր նայիր շուրջդ: Չկա՞ շրջապատում այնպիսի մի ընկերուհի, ով ձև է ընդունել, թե մենությունը բնական վիճակ է իր համար: Արդյո՞ք նա բացարձակ անկեղծ է քեզ հետ պնդելով, թե անհետացող թիթեռների հերբարիում հավաքելն աշխարհի ամենագրավիչ զբաղմունքն է, իսկ տղամարդիկ նրա մեջ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի խղճահարությունից: Եթե նման ընկերուհի կա, բացառված չէ, որ հենց նա է դարձել ձեր բաժանման անուղղակի դրդողը' օրինակ, որպես գաղտնիք սիրելիիդ պատմելով, թե դու անցած ուրբաթ ծանոթներից մեկի տարեդարձին «խաղեր ես տվել¦ մի ամբողջ ֆուտբոլային թիմի հետ:

Հնարավոր է նաև, որ «բարի կամեցողը» սիրելիիդ ծանոթներից մեկն է, ով վաղուց «աչք ունի» քեզ վրա և հիմա, գիտակցելով, որ ձեր հարաբերությունների հաջորդ փուլը հարսանիքն է, որոշել է գնալ ծայրահեղ քայլերի: Նրա նապատակը քեզ հասնելն է, իսկ նպատակն իրագործելու համար արդարացվում են բոլոր միջոցները: Եթե նման ծանոթ կա, սպասիր, շուտով վեճից հետո նա անպայման կհայտնվի մխիթարողի դերում:

2-րդ շատ լուրջ պատճառը' վախ սպասվող ամուսնությունից

Ամուսնությունը տղամարդու համար մեծ պատասխանատվություն է, և զարմանալի չէ, որ նրանցից շատերը վախենում են այդ պատասխանատվությունից: Ուստի երբեմն խզում են լուրջ հարաբերություններն աղջկա հետ' նախընտրելով որոշ ժամանակ շարունակել առանց պարտավորությունների թեթև կապերը: Զգալով, որ զուգընկերուհու հետ հարաբերությունների հաջորդ փուլը ամուսնական առաջարկություն անելն է' տղամարդը պարզապես կարող է վախենալ և փախչել նրանից առանց բացատրությունների:

3-րդ ցավալի պատճառը. նրա զգացմունքները քո հանդեպ իսկապես փոխվել են,
բայց նա կողմնակից չէ հարաբերությունների պարզաբանման, տանել չի կարողանում լուրջ խոսակցությունները, ուստի ընտրել է վերջակետ դնելու ամենացավոտ ու արագ տարբերակը:

Ինքդ քեզ համար պարզելով հնարավոր պատճառը' որոշիր' ինչպես գործել հետագայում: Առաջին երկու դեպքում նախքան հաշտեցման որևէ քայլ ձեռնարկելը լավ մտածիր' իսկ պե՞տք է քեզ նման մարդը: Մեկ անգամ հավատալով քո մասին բամբասանքներին' շատ հնարավոր է, որ հավատա նաև մյուս անգամ: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն ընտանիքում նույնքան անհրաժեշտ են, որքան և սերը:

Իսկ ինչ վերաբերում է վախին ամուսնության նկատմամբ, դա կարող է դառնալ սովորություն, և այդ դեպքում սիրելիի հետ երջանիկ կյանքի մասին մնում է միայն երազել:

Եվ վերջապես, եթե տղան քեզ իսկապես էլ չի սիրում, ցավոք, պետք է համակերպվել դրան: Հանիր նրան մտքիցդ: Կյանքը նրանով չի վերջանում: Դու դեռ շատ ժամանակ ունես գտնելու քո երջանկությունը:

http://www.erkusov.com/publ/erkowsov/erb_sirelid_cankanowm_e_39_xzel_kapery_39/3-1-0-311