Հայաստանի բիզնես միջավայրը զարգացնելու և հարկատուների համար ավելի հարմարավետ դարձնելու համար հարկավոր է արդիականացնել և բարեփոխումներ կատարել հարկային ոլորտում:
Խոսքը չի գնում միայն արտոնությունների մասին: Ժամանակային խնայողությունը, ավելորդ նյարդայնությունը և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը նույնպես կարող են ազդել գործարարի վրա:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է հարկային վարչարարության արդիականացմանն ուղղված օրենքի նախագիծը, որը նախատեսում է մի շարք կարևոր փոփոխություններ հարկային օրենսդրությունում:
Ըստ փոփոխության հարկ վճարողը պետք է հնարավորություն
ունենա առցանց եղանակով ցանկացած պահի տեսնել իր հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների և ցանկացած պահի, իր գրասենյակում նստած, հնարավորություն ունենա տեսնել իր միջոցների շարժը:
Մուտքագրումները որոշ դեպքերում դեռևս կատարվում են հարկային ծառայողների միջամտությամբ, մինչդեռ այս նախաձեռնությունը նախատեսում է համակարգի ամբողջական ավտոմատացում, իսկ օրենսդրական, իրավական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի մարդկային գործոնի միջամտությունը բացառվի հարկային պարտավորությունների հավաքագրման առումով:
Ներկայումս կան 50-ից ավել հաշիվներ, որոնք հաշվառում են հարկ վճարողների պարտավորությունները: Ըստ փոփոխության առաջարկում է վերացնել այդ 50-ից ավել հաշիվները և ունենալ մեկ միասնական հաշվի: Դրանով իսկ վերանում է սխալվելու հավանականությունը, որովհետև լինում են իրավիճակներ, երբ տնտեսավարողները մեկ հաշվի վրա վճարում են կատարում, բայց պարզվում է, որ նա պարտավորություն ուներ մեկ այլ հարկատեսակի գծով, որին համապատասխան գումար չէր փոխանցվել:
Բացի դրանից, ըստ փոփոխության, հարկատեսակի հաշիվներին մուտքագրվող գումարները չեն համարվի հարկային եկամուտներ, մինչև հարկատուն չի ներկայացրել հարկային հաշվարկը և պարտավորությունների գումարը:
Այլ կերպ ասած, այս բարեփոխումով արմատապես վերանում
է գերավճարներ կուտակելու հնարավորությունը:
Մարինա Ներսեսյան