Երևանում մրգերի և բանջարեղենի պահածոյացված արտադրության և առաջին պահածոյի գործարանի հիմնադիրն է հանդիսանում հայ գործարար Պետրոս Մարտիրոսի Էսապյանը (Էսապով):
Պետրոս Էսապյանը ծնվել է Երևանում 1871 թվականին: Ավարտելով Երևանի քաղաքային գիմնազիան, նա մեկնում է Եվրոպա և շարունակում ուսումը եվրոպական բուհերում, որտեղ էլ սովորում ու մասնագիտանում է մրգանյութի կոնսերվացման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Վերադառնալով Երևան, Էսապյանը սկզբում հիմնում է պահածոների փոքր արտադրություն, որը կարճ ժամանակում բավականին հաջողությունների է հասնում: 1903 թ. Էսապյանը հիմնադրում է արդեն իր մեծ պահածոյի գործարանը, որտեղ տեղադրվում են Եվրոպայից բերված տեխնոլոգիական մեքենաները: Պահածոների գործարանը տեղակայված է եղել Հանրապետության (Գուբերնսկայա) և Դեղատան փողոցների խաչմերուկի հատվածում: Ներկայումս շինությունների այդ համալիրը չի պահպանվել՝ մասնակիորեն մնացել է միայն առանձնատան ճակատային մասը:
1911 թվականին Էսապյանն իր գործարանում ներդնում է Հարավային Կովկասում առաջին մեխանիկական հոսքագիծը՝ գերմանական արտադրության բարձրակարգ մեքենաներով: Ուշագրավ է, որ գործարանը արտադրում էր նաև կոնսերվացման համար անհրաժեշտ ապակյա և թիթեղյա տարաներ: Արտադրանքը արտահանվում էր Ռուսաստան, Եվրոպա և ուներ բավականին մեծ պահանջարկ: Բացի տարբեր մրգային պահածոներից, գործարանում արտադրվում էր նաև լոլիկի տոմատ և թթու դրած վարունգ:
Պետրոս Էսապյանի պահածոյի գործարանի արտադրության նմուշները ցուցադրվել են միջազգային տարբեր ցուցահանդեսներում և արժանացել բազմաթիվ պարգևների: Փաստագրված է, որ 1905-1908 թթ. Էսապյանի արտադրանքը ստացել է բարձրագույն պարգևներ Բրյուսելում, Լոնդոնում, Հռոմում և Վիեննայում անցկացված միջազգային ցուցահանդեսներում՝ Արարատյան դաշտավայրի ծիրանի և լոլիկի յուրահատուկ ու անկրկնելի համը բառացիորեն գերել էր ողջ Եվրոպան:
1921-ին գործարանը ազգայացվեց: Բայց համապատասխան մասնագետների պակասի պատճառով՝ Պետրոս Էսապյանին որոշ ժամանակ անց ետ են կանչում գործարան, որտեղ նա, իր իսկ հիմնած սեփական գործարանում, աշխատեց արդեն որպես սովորական մասնագետ-խորհդատու մինչ իր մահի՝ 1935 թվականը:
Ռուբեն Շուխյան