«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման դեմ պայքարը նաև որոշակի մրցակցություն է առաջացրել երկու աշխարհաքաղաքական հակառակորդների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Եթե ռուսական օդատիեզերական ուժերի գործողությունները ցամաքում ուղեկցվում են սիրիական բանակային ստորաբաժանումների հարձակումներով, ապա ԱՄՆ-ի նւյն մարտավարության պարագայում, մինչ այս առկա էին որոշ էական խնդիրներ:

 

Մասնավորապես, Վաշինգտոնի կողմից սիրիական աշխարհիկ ընդդիմությանը համախմբելու, դրանց զինված խմբավորումներին մարզելու նախկին բոլոր փորձերը տարբեր պատճառներով հաջողություն չէին ունենում՝ այդպիսով ցամաքում ԱՄՆ-ի միակ կայուն դաշնակից թողնելով Սիրիայի քրդերին, որոնց բնակության, հետևաբար նաև գործունեության աշխարհագրական արեալը սահմանափակվում էր երկրի հյուսիսային շրջաններով, ինչն էական բարդություններ էր ստեղծում ցամաքում ԻՊ-ի դեմ պայքարի ամերիկյան մարտավարության համար:

 


Այս համատեքստում, օրերս Սպիտակ տունը հայտարարեց Սիրիայում նոր դաշնակից ուժի ձևավորման մասին, որը հանդես է գալիս «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դաշինք անվանման ներքո: Իր բնույթով աշխարհիկ ուժերից կազմված այս կառույցի կորիզը կազմում են քրդական զինված միավորումներն, սիրիական տարբեր ցեղերից հավաքագրված զինյալների խմբերն, ինչպես նաև՝ նախկին «Սիրիական ազատ բանակ» կազմավորման որոշ խմբավորումներ:

 


Նորաստեղծ դաշինքի առանցքային դերակատարներից մեկն, այսպես կոչված, «Նոր սիրիական բանակն»(ՆՍԲ) է: Այս կառույցը ներկայացվում է որպես ԿՀՎ-ի սեփական ծրագիր, որի մասին ցայժմ հույժ գաղտնի էր պահվում: Խմբավորման զինյալները հանդերձավորված են ամերիկյան զինվորական հանդերձանքով, տիրապետում են ամերիկյան արտադրության տարբեր տրամաչափի և նշանակության սպառազինություն: Ենթադրաբար, ՆՍԲ-ը հիմնականում կազմված է Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող Ալ-Բաքարա ազդեցիկ ցեղի անդամներից (ի դեպ, այս ցեղի առաջնորդները մշտապես ակտիվ մասնակցություն են ունեցել սիրիական հակամարտության ողջ ընթացքում երկրում գործող վարչակարգին որպես ընդդիմադիր ձևավորված տարբեր արտասիրիական քաղաքական նախաձեռնություններում): Խմբավորումը ներկայում գործում է Սիրիայի հյուսիս-արևելքում' ալ-Հասաքա նահանգում, և «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) հետ միասին պայքարում է ԻՊ-ի դեմ:

 


Կարելի է եզրակացնել, որ Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ հռչակված պայքարի շրջանակներում նկատվող մրցակցային պայմաններում, որպես հակաքայլ ռուսական ուժերի և սիրիական բանակի կողմից երկրի հյուսիս-արևմտյան և կենտրոնական հատվածներում տարաբնույթ հակակառավարական խմբավորումների, այդ թվում նաև ԻՊ-ի դեմ նախաձեռնված հարձակողական գործողությունների, Վաշինգտոնը նախապատրաստվում կազմակերպել Սիրիայում ԻՊ-ի մայրաքաղաք հռչակված ալ-Ռակկա քաղաքի ազատագրման գրոհը: Հենց այս ռազմագործողությունն էլ որոշակի փորձաքար կհանդիսանա ԱՄՆ-ի ներսիրիական դաշնակիցների համար, որոնց՝ ռազմադաշտում արձանագրած արդյունքները կձևակերպեն այդ ուժերի հավակնություններն ապագայի Սիրիայում:
Հ.Գ. Կցված տեսանյութը ՆՍԲ-ի մասին է՝

 

 

 

 

Արմեն Պոտրոսյան