Երևանի նվիրական հասցեներից. Արամի փողոց, շենք 9: Այս տանն է 1917-19 թթ. ապրել Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը' իր կնոջ Կատարինե Զալյանի հետ: 1917 թվականի դեկտեմբերին, երբ Արամը եկավ Երևան, նրան' 1915-ի Վանի ինքնավար հայկական նահանգի փառապանց նահանգապետին, իսկ այդ ժամանակ արդեն Արևելյան Հայաստանի փաստացի ղեկավարին՝ դիմավորեցին մեծ ցնծությամբ: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը' Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակ Ցարսկայա կոչվող փողոցում 1910 թ. կառուցված երկհարկանի տունը:
Իր ապագա կնոջ' Կատարինե Զալյանի հետ Արամը ծանոթանում է Ղուրդուղուլիում (ներկայումս՝ Արմավիր քաղաք), որտեղ Կատարինեն աշխատում էր որբանոցում որպես բժշկուհի: Հենց 1917-ին էլ նրանք ամուսնացան: Այդ ամուսնությունից ծնվեց Արամի միակ ժառանգը' Սեդան: 1919-ի հունվարին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: «Ծանր տարիներ, դժվար աշխատանք, ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունեության մեջ մշտապես թաղված, և այնպիսի ընտանեկան կյանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երևի այդպես էլ չիրականացավ»,- իր հուշերում պատմում է Սեդա Մանուկյանը:
1919 թ. հուլիսին կայացան Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի ընտրությունները' 80 պատգամավորներից 3-ը կին էին և նրանց թվում էր նաև Կատարինե Զալյանը: Դառնալով խորհրդարանի պատգամավոր, Կատարինեն աշխատանքներ է իրականացնում առողջապահության հանձնաժողովում և դառնում է Հայաստանում ամերիկյան նպաստամատույցի որբանոցների համակարգողը: Նա ամբողջությամբ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով իրար ետևից երկրում բռնկվող համաճարակների դեմ: Առաջին Հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Նրան ազատում են աշխատանքից ու վտարում իր տնից: Կատարինեն սկզբում ապաստանում է քրոջ մոտ, ապա մեկնում է Կրասնոդար: 1927-ին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա նորից վերադառնում է Երևան: Այստեղ մայր ու աղջիկ ապրում են ծայրահեղ դժվարին պայմաններում: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում էր, ապա նորից դուռը ինձ վրա փակում ու գնում էր մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- պատմում է Սեդա Մանուկյանը:
Հիշատակենք քիչ հայտնի մի փաստ ևս: Արամ Մանուկյանը 1919 թ. հունվարին պետության ծախսերով և կաթողիկոսական արարողակարգով հուղարկավորվեց այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնվող Երևանի քաղաքային գերեզմանատանը։ 1920-ականների վերջին, գերեզմանատան վերացման պատճառով, Կատարինեն մեծ դժվարությամբ կարողանում է տեղափոխել Արամի աճյունը Կոզեռնի հին գերեզմանոց (ներկայիս Սիրահարների այգու տեղում): Բայց դա էլ դեռ վերջը չէր՝ Երևանի նոր նախագծով վերացվում է նաև Կոզեռնի գերեզմանտունը, և 1930-ականների 2-րդ կեսին Կատարինեն, նույնպես աներևակայելի դժվարություններով ու գաղտնիության պայմաններում, կրկին կարողանում է կազմակերպել Արամի աճյունի վերաթաղումը՝ այս անգամ արդեն Թոխմախի գերեզմանոցում (ներկայումս' Քաղաքային պանթեոն), որտեղ էլ հիմա գտնվում է Արամ Մանուկյանի գերեզմանը:
Երբ գալիս է չարաբաստիկ 1937 թվականը՝ Կատարինե Զալյանին հերթական անգամ ազատում են աշխատանքից՝ որպես արտասահմանի հետ կապ ունեցող «կասկածելի անձնավորության»: Ճիշտ է, պատերազմի տարիներին նա նորից է աշխատում, սակայն նրա առողջությունը վերջնականապես քայքայվել էր: Կատարինեն մահացել է 1965-ին, իսկ մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հերոս հայրիկին: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանա նրան ու նրա ազգանվեր գործերը' ես դրանում վստահ եմ»: Այդպես էլ եղավ. այսօր Արամ Մանուկյանի կարճատև կյանքն ու հերոսական գործունեությունը՝ հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է համարվում: Իսկ Արամի դուստրը' Սեդա Մանուկյանը մինչև 1976-ը ապրում էր Երևանում, հետո տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ մահացավ 2005-ին: 1998-ին' Հայաստանի անկախացումից հետո Սեդա Մանուկյանը եկավ Երևան և որոշ ընկանեկան մասունքներ նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին:
Ռուբեն Շուխյան