ՀՀ քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ հարցը առաջիկայում սպասվող Սահմանադրական հանրաքվեն է: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող անհատներն առիթը բաց չեն թողնում, որպեսզի ևս մեկ անգամ քննարկեն այդ թեման ու յուրաքանչյուրը հաստատի իր տեսությունը: Վստահ կարելի է ասել, որ իրականում քչերն են ծանոթ առաջարկվող նոր նախագծին ու «Սահմանադրություն» ասվածին առհասարակ:
Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունը երկրում գործող օրենսդրության հիմքն է։
«Սահմանադրություն» տերմինն ունի բավականին հին պատմություն։ Ժողովրդական պատմագրությունն ուսումնասիրելով' կարող ենք փաստել, որ տերմինը ծագել է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։
Սահմանադրական իրավունքի տեսությունում սահմանադրությունը հանդես է գալիս իր կոնկրետ իրավանորմերով, որպես կոնկրետ սահմանադրություն, որոնց միջոցով կարգավորվում և լուծվում են տվյալ երկրներին հատուկ հիմնարար իրավահարաբերությունները:
17-18-րդ դարերում ձևավորված պատկերացումները սկզբնավորվել են հիմնականում եվրոպական Վերածննդի հումանիստական գաղափարների ազդեցությամբ: Հումանիզմի գաղափարները ժառանգեցին եւ զարգացրեցին 17-18-րդ դարերի եվրոպական մտածողները:
Դեռևս մ.թ.ա 4-րդ դարում Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա' ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը, չնայած իրականում դրանք ներկայումս կիրառվող սահմանադրական ակտերի հետ համեմատել չի կարելի:
Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքը հանդիսավորապես ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարակա եւ դրա պաշտպանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում ու իշխանության անմիջական պարտականություն, դա Անկախության ամերիկյան հռչակագիրն է (1776թ.):
ԱՄՆ սահմանադրությունը ընդունվել է 1787 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ֆիլադելֆիայում։ ԱՄՆ սահմանադրությունը աշխարհում համարվում է առաջինը՝ ժամանակակից հասկացողության մեջ։ Այն կազմված է յոթ հոդվածներից։ Դրա ընդունման պահից քսանյոթ փոփոխություն է մտցվել և դրա անբաժան մաս են կազմում։ Ասել է թե՝ վերջին 230 տարիների ընթացքում ԱՄՆ-ի սահմաններից ներս օրենքները կարգավորվում են օրենքի այդ «հնաբնակի» ուղղորդմամբ:
Սահմանադրության գաղափարը, առաջին հերթին փիլիսոփայական, քաղաքագիտական, իրավական մի շարք նորարարական գաղափարների հանրագումար է:
Քանի որ հասարակությունը և պետությունը մշտապես կարիք ունեն լուծելու ինչպես իրենց առջև դրված, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրները, հաղթահարել առկա դժվարություններն ու տարբեր կարգի բախումները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ բառով ասած՝ սահմանադրություն: Այսինքն՝ սահմանադրությունը սահմանում է այնպիսի ղեկավարող սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել հասարակական համաձայնություն և քաղաքական միասնության հաստատման, հասարակության, անհատի ու պետության միջև հարաբերությունների, պետության գործունեության կարգավորման հիմքերը:
ՀԳ. Ճիշտ ժամանակն է հիշել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոն խոսքերը (1866թ.). «Ժամանակն է վերցնել Սահմանադրությունը, բացել, վերընթերցել այն և խորապես ըմբռնել դրա դրույթները»:
Արմեն Հովասափյան