Ներկայացվող փաստաթուղթը՝ 1796 թվականին Աստրախանում, արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի տպարանում հայերեն լեզվով տպագրված ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդի պաշտոնական դիվանագիտական Հրովարտակի տիտղոսաթերթն է: 1796-ի մայիսի 23-ին Եկատերինա 2-րդի հրապարակած այդ Հրովարտակը ազդարարում էր Ռուսաստանի՝ Պարսկաստանին պատերազմ հայտարարելու մասին: Հրովարտակում բացատրվում էին պատերազմի պատճառները և ռուսական զորքի դեպի Հարավային Կովկաս պատրասվող արշավանքի ռազմավարական նպատակները:

 

 

Իսկ պատերազմի նախապատմությունը սա էր. Պարսկաստանի գահը զավթած Աղա-Մամեդ խանը, խախտելով ռուս-պարսկական մինչ այդ կնքված համաձայնագիրը, 1795 թվականին արշավում է Քարթլիի վրացական թագավորության վրա և սեպտեմբերին գրավում ու հիմնահատակ ավերում է մայրաքաղաք Թիֆլիսը՝ կոտորելով խաղաղ բնակչությանը: Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը որոշում է պատժել պարսիկներին, և 1796-ին կազմակերպվում է ռազմական արշավանք Պարսկաստանի դեմ: Քանի որ ռուսական զորաբանակը անցնելու էր Հարավային Կովկասի հայաբնակ շրջաններով նույնպես՝ կայսրուհու հատուկ հրամանագրով ներկայացվող պաշտոնական Հրովարտակը տպագրվեց և տարածվեց նաև հայերեն լեզվով:

 

 

 

Ռուբեն Շուխյան