Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա գունագեղ ու գեղեցիկ փոքրիկ քաղաքում հոկտեմբերի 25-ից ընթացող 8-18 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնությունն այսօր կհատի վերջնագիծն ու հայտնի կդառնան աշխարհի չեմպիոններն ու չեմպիոնուհիները:
Տարիքային 6 խմբերի ՝ մինչև 8՝Մ8,Մ10, Մ12,Մ14,Մ16 և Մ18 մրցաշարերին մասնակցում են ընդհանուր առմամբ 92 երկրի 1578 մարզիկներ ,այդ թվում 960 շախմատիստ ու 618 շախմատիստուհի: Կարևորագույն այս ստուգատեսին ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի ղեկավարությամբ տարբեր տարիքային խմբերում հանդես են գալիս Հայաստանի 27պատվիրակներ ՝ 19շախմատիստ և 8 շախմատիստուհի:
Արեն հայտնել էինք ,որ ՀՀպատվիրակներից 3-ը առաջնության ավարտից 2 տուր առաջ իրատեսորեն հավակնում էին ստուգատեսի մեդալներին:
Դրանք իրենց ակտիվում 7-ական միավոր գրանցած Արփինե Գրիգորյանը(Մ14), մինչև 12տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՀայկՄ.Մարտիրոսյանն (Մ16), մինչև 10տարեկանների 2012թ աշխարհի փոխչեմպիոն Շանթ Սարգսյանն (Մ14) են:
Երեկ կայացած նախավերջին ՝10-րդ տուրում այս հրաշալի եռյակից միայն 2011թ և 2012թ Մ12 խմբում Եվրոպայի չեմպիոն դարձած ՖԻԴԵ-ի վարպետ արտաշատցի Հայկ Մ.Մարտիրոսյանին հաջողվեց զարգացնել հաջողությունը:Նա սևերով պարտության մատելով անհատական ընթացիկ վարակիշով իրեն 25 կետով գերազանցող բելգիացի ՖԻԴԵ-ի վարպետ Նիկոլա Կապոնեին, աշխարհի չեմպիոն դառաալու լուրջ հայտ ներկայացրեց:
Այժմ տղաների Մ16 խմբում 8-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում ու 1-3-րդ տեղերը կիսում են Մարտիրոսյանը, գերմանացի Ռովեն Վոգելն ու իտալացի ՖԻԴԵ-ի վարպետ Լուկա Մորոնին:
Այսօր կայանալիք եզրափակիչ ՝11-րդ տուրում Հայկը սպիտակներով մրցելու է Մորոնիի, իսկ Վոգելն էլ՝ իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ:
Շանթ Սարգսյանն (Մ14) 10-րդ տուրում սպիտակներով միավորը կիսեց հնդիկ շախմատիստ Հիրթիքկեշի հետ ու այժմ 8 –ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող 3 շախմատիստներից միայն կես միավորով է ետ մնում:Նա տեսականորեն մրցանակակիր դառնալու որոշակի հնարավորություն դեռ պահպանում է :Այսօր՝11-րդ տուրում Շանթը սևերով մրցելու է Սլովակիայի պատվիրակ ,ՖԻԴԵ-ի վարպետ Վիկտոր Գազիկ հետ ,ով Սարգսյանի նման իր ակտիվում 7,5 միավոր է գրանցել:
Իսկ ահա մեդալի հավակնող Արփինե Գրիգորյանը(Մ14) վճռորոշ պահին սայթաքեց:Նա երեկ սպիտակներով պարտություն կրելով իրեն անհատական ընթացիկ վարկանիշով շուրջ 100 կետով գերազանցող հնդկուհի Ագրավալ Վանթիկային , նահանջեց 9–րդ հորիզոնական ու գործնականում ձեռքից բաց թողեց մրցանակակիր դառնալու հիանալի շանսը: Այսօր Արփինեն սևերով ուժերն է չափելու ռուսաստանցի Ալեքսանդրա Մալցևսկայայի հետ:
Ստուգատեսին մասնակցող մեր մյուս 24 շախմատիստները կորցրել են մրցանակակիր դառնալու հնարավորությունները ,ու հիմա լավագույն դեպքում կարող են պայքարել ուժեղագույնների տասնյակում տեղ զբաղեցնելու համար:
Արամ Ուգուջյան