Նոյեմբերի մեկին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իրեն սատարող քաղաքական ուժի ունեցած կարևոր հաղթանակի շնորհիվ նախագահ Էրդողանն առաջիկա տարիներին ուզածի չափ ազատ գործելու հնարավորություն ստացավ: Այս հանգամանքն առավել կարևոր է այն պատճառով, որ հենց առաջիկա չորս-հինգ տարիները մեր և հարակից տարածաշրջանների համար լինելու են սրընթաց զարգացումների բավականին մռայլ մի ժամանակահատված և Թուրքիան լինելու է դրանց առավել ակտիվ մասնակիցներից մեկը:

 

Սա դեռ չի նշանակում, որ էրդողանը նպատակադրվելու է հատկապես հակահայկական գործունեություն ծավալելու ուղղությամբ՝ այս առումով շատ բան կախված կլինի հենց պաշտոնական Երևանի պահվածքից, նրա քաղաքական հեռատեսությունից և ճկունությունից:

 

Սակայն քանի որ մոտակա տարիները նշանավորվելու են հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման առկա միտումների առարկայական խորացմամբ, Հայաստանի համար լուրջ խնդիր է դառնալու Թուրքիայի հանդեպ անգամ սառը չեզոքության դիրքերում մնալը:

 

 

Անկախ ամեն ինչից հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմը պետք է ձգտի զերծ մնալ իրեն պարտադրվող հակաթուրքական' միաժամանակ ագրեսիվ ու լալկան քարոզչության գերին դառնալու հեռանկարից: Թուրքիայում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ երկրի խորհրդարանի անդամ դարձան տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող երեք հայ թեկնածուներ, որոնցից մեկը հենց իշխող ԱԶԿ-ի ցուցակից է: Սա վկայությունն է այն բանի, որ այդ երկրի քաղաքական վերնախավը տեղի հայկական գործոնը խաղի մեջ մտցնելու ռազմավարական որոշում է կայացրել և Հայաստանի հետ հարաբերությունների մասով այն կարող է օգտագործվել ինչպես դրական, այնպես էլ բացասական համատեքստում՝ ելնելով քաղաքական զարգացումների ընթացիկ առանձնահատկություններից, այդ պատգամավորները կարող են դառնալ թե′ Թուրքիա-Հայաստան փոխըմբռնման կամուրջի շինարարներ, թե′ ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության քննադատներ:

 

 

Արման Մելիքյան