Նոյեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում վթարի ենթարկված ռուսական Когалымавиа ավիաընկերության Airbus А321 ինքնաթիռի՝ օդում մասնատվելու միակ բանական բացատրությունը կարող է լինել արտաքին ազդեցությունը: Նման եզրահանգման են եկել ավիաընկերության մասնագետները՝ բացառելով տեխնիկական թերությունների ազդեցությամբ նման եղանակով վթարի հնարավորությունը: Փաստորեն, ավիաընկերությունը վթարի պատճառ է համարում որևէ արտաքին մեխանիկական ազդեցությունն, ինչպես, օրինակ՝ ահաբեկչական գործողությունը:
Միևնույն ժամանակ, վթարի հետաքննությամբ զբաղվող եգիպտական հանձնաժողովը բացառել է արտաքին ազդեցության հնարավորությունն ինքնաթիռի շարքից դուրս գալու գործում:

 


Ինչ խոսք, հաշվի առնելով ամբողջ աշխարհում ավիավթարների մեծամասնության դեպքում մշտապես բազմաթիվ հարցականների առկայությունը՝ միանշանակ ըմբռնելի են վերոնշյալ երկու կողմերի մեկնաբանություններն էլ: Ռուսական ավիաընկերության ղեկավարությունը, որպես պատճառաբանություն ներկայացնելով արտաքին ազդեցությունը, փորձում է հեռացնել իրենից վթարի պատասխանատվությունն, իսկ մյուս կողմից, եգիպտական կողմն էլ, բացառելով ահաբեկչական հարձակման հնարավորությունը, ձգտում է վերահաստատել պաշտոնական Կահիրեի մշտական հավաստիացումներն առ այն, որ երկրի օդային տարածքն, ինչպես նաև զբոսաշրջիկային շրջանները լրջագույնս պաշտպանված են ծայրահեղական տարրերի հարձակումներից:
Իսկ ինչ վերաբերում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության եգիպտական ճյուղավորման՝ «Սինայի վիլայեթի» կողմից ավիավթարի պատասխանատվությունը ստանձնելու հանգամանքին, ապա որոշակի դիտարկումներ կարելի է կատարել նաև այս ուղղությամբ:

 


Հաշվի առնելով այն իրողությունը, որ ինքնաթիռը շարքից դուրս է եկել շուրջ 9000 մ. բարձրության վրա, այս պարագայում, ըստ էության, փորձագիտական հանրությունը հիմնականում բացառում է ԻՊ-ի կողմից դրա խոցման հավանականությունն. իսկ որպես հիմնավոր փաստարկ՝ վերը նշված վարկածի, առաջ է քաշվում կառույցի՝ նման հեռահարության զենիթահրթիռային համակարգերի չտիրապետելու հանգամանքը:
Նշված ավիավթարի՝ ահաբեկչության հետևանք չլինելու հետ կապված՝ շատ ավելի հավանական տարբերակ է ինքնաթիռում պայթուցիկ լինելու հավանականությունը, մինչդեռ վերոնշյալն արդեն չի համապատասխանում ԻՊ-ի մասնակցության վարկածի տրամաբանությանը:

 


Մյուս կողմից, որոշ օբյեկտիվ հարցադրումներ են առաջանում նաև ԻՊ-ի մասնակցությամբ տարբերակի առնչությամբ: Նախ այն, որ եթե, այնուամենայնիվ, ավիավթարի հեղինակը ծայրահեղական կառույցն է, ապա ինքնաթիռի՝ ռուսական պատկնելիության մասին հնարավոր կլիներ իմանալ միայն դրա անկումից հետո, և միայն դրանից հետո ձևակերպել պատասխանատվության ստանձնման հայտարարությունը՝ ներկայացնելով որպես պատասխան գործողություն՝ Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմարշավի: Նման պարագայում, ԻՊ-ի համար շատ ավելի առանցքային է միջադեպի ընձեռած քարոզչական հնարավորությունները, ինչն էլ ծայրահեղականները փորձում են հաջողությամբ օգտագործել՝ մի կողմից մուսուլմանական աշխարհում ընգծելով նաև արտաքին ուժերի դեմ պայքարելու իրենց լայն կարողությունները, մյուս կողմից՝ հերթական անգամ վախի մթնոլորտ առաջացնելով կառույցի դեմ պայքարող երկրներում առ այն, որ ԻՊ-ը կարող է հարվածել նաև այնտեղ, որտեղ իրեն չէին սպասում…

 

 


Ինչևէ, որն էլ լինի ողբերգական պատահարի իրական պատճառն, անխոս, չափազանց ցավալի է 224 անմեղ զոհերի իրողությունը, մինչդեռ շատ ավելի մտահոգիչ է, եթե նրանց վախճանի պատճառը միջազգային ահաբեկչությունն է:

 

Արմեն Պետրոսյան