Բայց դուք ինքնասպանություն եք գործել, եւ մի՞թե կարեւոր է' ձեզ հավատում են, թե ոչ. դուք այլեւս չեք կարող նրանց' թեկուզ ակնթարթային զարմանքին եւ զղջմանը ներկա լինել, չեք կարող մասնակցել, ինչպես երազում է յուրաքանչյուր մարդ, սեփական հուղարկավորությանը: Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց:
Ահ, սիրելի բարեկամ, մարդիկ որքան աղքատ երեւակայություն ունեն որեւէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որեւէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաեւ երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում: Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին: Երբ մահանաք, նրանք առիթից պետք է օգտվեն եւ ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարտիրոսները, սիրելի բարեկամ, պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջեւ: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն:
Հետաքրքիր ասույթներ