ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

Համացանցում որոշ օգտատերեր կարծիքներ են հայտնում ընտրողների ցուցակների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ:

 


ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն):

 

 

Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար»:

 

 

Տվյալ պարագայում «օրենքով նախատեսված դեպքերից» է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածը /ընտրողների ցուցակների մատչելիությունը/, որի համաձայն՝ ընտրողների ցուցակը ազատ է ծանոթության համար և ենթակա է տեղադրման համացանցում:

 

 

Հիշեցնում ենք, որ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրական ցուցակներում նշվում է նաև ընտրողի հաշվառման վայրի հասցեն: