Օրերս կայացած ԱԺ նիստում խորհրդարանն հավանություն տվեց բանկերում ֆիզիկական անձանց ավանդադարված գումարների երաշխավորման շեմի բարձրացման վերաբերյալ ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը։ Բոլորս գիտենք, որ ի սկզբանե օրինագծի հեղինարկներն առաջարկել էին կրկնապատկել երաշխավորված գումարների չափերը, սակայն կառավարության նախաձեռնությամբ այն ավելի բարձրացվեց։

 


Այսինքն ստացվում է, որ բանկերը այսուհետ կերաշխավորեն 10 մլն դրամ դրամային և 5 մլն դրամին համարժեք արտարժութային ավանդների անվերապահ վերադարձը։ Հարկ է նշել, որ մինչև այս փոփոխությունը երաշխավորված էին 4 մլն դրամ դրամային և 2 մլն դրամին համարժեք տարադրամային ավանդները։

 


Վերը նշված որոշումը կարևոր նշանակություն ունի ինչպես բնակչության, այնպես էլ ընդհանրապես տնտեսության ու ֆինանսական շուկայի համար։ Այն փոխկապակցված շղթա է, որից կարող են շահել բոլորը։
Մտքեր կան, որ դրա արդյունքում կբարձրանա հասարակության վստահությունը բանկերի նկատմամբ։ Ուստի նրանք հակված կլինեն ավելի մեծ գումարներ ավանդադնել բանկերում։ Գաղտնիք չէ, որ ֆինանսական համակարգում հաճախակի արձանագրվող ցնցումները ստիպում են հասարակությանը ավելի զգուշավոր վերաբերել բանկերին։

 


Հատկապես, երբ խոսքը խնայողությունների ավանադադրման մասին է։ Վերը նշված հանգամանքը հաշվի առնելով' մարդիկ երբեմն գերադասում են գումարները պահել տանը, քան ներդնել բանկերում, որքան էլ դրանից լրացուցիչ եկամուտներ կարող են ստանալ։
Արված փոփոխությամբ ակնկալվում է, որ բանկերը հնարավորություն կստանան ավելի շատ գումարներ ներգրավել։ Իհարկե, նախապատվությունը տրվում է ազգային արժույթով խնայողություններին, որոնց կարիքը տնտեսությունը շատ ավելին է զգում։

 

 

Նարեկ Սարգսյան