Անհատականություն չունեցող մարդկանց շրջապատում' մարդկանց, ովքեր զերծ են ուժեղ հոգեկերտվածքից, կամային հատկություններից, չունեն ընդգծված ճակատագիր, կյանքի ճշմարիտ անցած ուղի, վաստակ և ապրում են անասնական բնազդով, հոտային կյանքով, նախրի նման, նրանց հեշտ է իշխել, ղեկավարել, կառավարել ու քշել ուր ուզես, ինչպես ուզես…Ճիպոտով, թե դեմից խոտի տրցակ կամ շաքարի կտոր պահելով' կերցնելով կամ նույնիսկ ուղղակի ցուցադրելով…

 


Իհարկե′, գոյություն ունի դեպի ճշմարտություն, արդարություն, ազնվություն, հանդուրժողականություն, քաջագործություն, պայքար տանող ճանապարհ, սակայն որով առաջ ընթանալով թեկուզ աննշան, վարանոտ, զգուշավոր, վախվորած քայլելով' դրա համար վճարում ես, վճարում ես ծանր տառապանքով, հաճախ արհամարված, անտեսված, հալածանքներով և զրկանքներով:
Մարդացման տառապալից ճանապարհին' այդ նեղ, դժվար, քարքարոտ, փշոտ ու տատասկով պատված ճանապարհին, այնուամենայնիվ հոգու խորքում երկնչում ես, հստակորեն զգում, որ դա տանելու է ավելի մեծ տանջանքների, տառապանքների, ավելի մեծ զրկանքների…Այն քեզ դնելու է օրենքից դուրս, տարատեսակ պատիժների, պարսավանքի ու դատապարտման…

 


Այդ է պատճառը, որ այդ ճանապարհով քչերն են անցնում…Շատ քչերը, հաճախ միայն նվիրյալները…Բայց ում հաջողվում է հաղթահարել այն, դառնում են հերոս, ճանաչված, անմահացած, հասկացված, գնահատված:
Այդ ճանապարհով են քայլել գրեթե բոլոր մեծ մարդիկ, գործիչներ, առաջնորդներ'գիտակցաբար, թե անգիտակցաբար, ով ինչպես կարողացել է, ինչպես ստացվել է…
Բայց քայլել են, քայլել են ու հասել ճանաչման, գնահատման, հաղթանակի և իշխանության…Արհամարհելով կաշկանդվածությունը, վախը, քաղքենիական պայմանականությունները, սպառնալիքները, <<բարեկամական, բարի>> հորդորները, խորհուրդները…Անտեսելով նախրի, հոտի անասնական հնազանդությունն ու պահանջները, կտրվելով նրանցից' տառապելով, տանջվելով, պայքարելով, սակայն հենց նրանց' այդ մեծամասնության համար…

 

Ռոբերտ Մելքոնյան