Օրերս տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային երաշխավորությունների ծավալը 5 մլն դրամից մինչև 7 կամ 8 մլն դրամ բարձրացնելու հարցը, ինչպես նաև ներկայացվել է կենտրոնի՝ 2015թ. 9 ամիսների գործունեության արդյունքը։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մոտ 5300 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրել է 10,824 աջակցություն:
Հարկ է նշել, որ սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն ծրագրին մասնակցել է 331 ձեռնարկատեր։ Ուսուցողական աջակցություն է ստացել 266 գործարար։ 626.3 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրվել 130 գործող և սկսնակ բիզնեսի։ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով աջակցություն է ստացել 180 ձեռնարկություն։ 494 տնտեսվարող ստացել է նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի ամբողջական փոխհատուցում։ 67 գործարարի տրամադրվել է հյուրատնային բիզնեսի, ջերմոցային և սառնարանային տնտեսության, չրագործության, պանրագործության տեխնոլոգիական խորհրդատվություն։ 25 բիզնեսի տրամադրվել է դրամաշնորհ՝ Ոլորտային աջակցության ծրագրի շրջանակում։ 26 համայնքում կատարվել է տեղական տնտեսության վերլուծություն։ Հատկանշական է, որ աջակցություն ստացած ՓՄՁ-ների 4.4%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 95.6%-ը ՀՀ մարզերում' առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:
Նիստում խոսվել է նաև այն մասին, որ PUM հոլանդական ավագ փորձագետների հիմնադրամի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» և «WWF-Հայաստան» հիմնադրամի հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ՓՄՁ-ների կարողությունների զարգացման, Սյունիքի և Լոռու մարզերում հյուրատնային բիզնեսի զարգացման հարցում փոխգործակցելու վերաբերյալ և շարունակվել է արդյունավետ գործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ UNHCR-ի, UNIDO-ի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ԱՄՆ ՄԶԳ, Ասիական զարգացման բանկի և մյուս գործընկեր կառույցների հետ։
Հոգաբարձուների խորհրդի նիստում նշվել է, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) Ծրագրի շրջանակում իրականացվել են.
1. Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ոռոգման համակարգի հորատանցքի շահագործման համար անհրաժեշտ պոմպի ձեռքբերում և տեղադրում:
2. Տավուշի մարզի Բերդավան համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցում:
3. Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցում:
4. Տավուշի մարզի Կողբ համայնքի ջրընդունիչի և ոռոգման համակարգի մասնակի վերակառուցում:
5. Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ոռոգման ներքին ցանցի վերակառուցում:
6. Տավուշի մարզի Դիտավան համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցում:
7. Արագածոտնի մարզի Արտենի համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցում:
8. Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի հեռավոր արոտավայրում 24 կովի միաժամանակյա մեխանիզացված կթման փակ շինության կառուցում:
9. Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի արոտավայրի ջրարբիացում:
10. Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի ոռոգման խողովակաշարի մասնակի վերանորոգում:
11. Արարատի մարզի Վեդի քաղաքում չորացված մրգերի և բանջարեղենների ուսումնաարտադրական կենտրոնի համար սառնարանային խցիկի կառուցում և ջերմամեկուսացում, սառնարանային սարքավորումների և արտադրական գույքի ձեռքբերում:
Վերը նշվածից կարելի է փաստել, որ ՓՄՁ ոլորտի զարգացման միտումը խրախուսվում է և կարող է ակնառու արդյունքների հանգեցնել:
Տնտեսական անկյուն