ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ ՌՈՏԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ (կրճատումներով)
Մուհամմեդը՝ ․․․ մահմեդական օրենքի հիմնադիրը, ուներ Հալի անունով մի եղբայր, որն իր հոր մահից հետո դեռ մի փոքրիկ երեխա էր, և սնվեց ու դաստիարակվեց Մուհամմեդի կողմից։ Վերջինս նրա նկատմամբ բարյացակամ գտնվեց և հնարավորին չափ բարձր պատվի արժանացրեց․․․ Ինչպես բոլոր նրանք, ովքեր արական գծով Մուհամմեդից են սերում, կոչվում են Մուհամմեդի Շերիֆ, այնպես էլ Հալիից սերվածները՝ Հալիի Շերիֆ են կոչվում։ Եվ նրանք պարսկական տերության մեջ ժողովուրդների կողմից նույն պատվին են արժանանում, ինչ մյուսները, և Հալին էլ նրանց կողմից հարգված է նույնքան, որքան Մուհամմեդը։
Ի միջի այլոց, Սոֆին նրա իսկական և ճիշտ անունը չէ, դա նրա կրոնի ու աղանդի անունն է, որը պահանջում և հրամայում է, որ գլուխը համեստորեն ծածկվի։ Բուրդն էլ դրա իրագործմանը ծառայող ամենաթանկարժեք բանն է, իսկ բրդին արաբերեն Սոֆի են ասում և (ըստ այդմ) այդ աղանդի մարդկանց ևս Սոֆի են կոչում։ Նրանք պետք է աղքատ ապրեն, գինի և մսեղեն չօգտագործեն, մշտապես հսկողության և պահեցողության մեջ լինեն, բայց այսօր նրանցից շատերը վատ են հետևում այդ ամենին․․․
Նրա իսկական և ճիշտ անունը Շահ Իսմայիլ է, այսինքն Իսմայիլ մարգարե, որի նախնիները, նույնիսկ՝ հայրը, մշտապես Արդեբիլ կոչվող մի փոքր երկրամասի տերերն են եղել և այդ պատճառով էլ սոֆիները կոչվում են նաև արդեբիլցիներ։
Մինչդեռ ուրիշները նրանց կոչում են Էթնազեր, որովհետև նրանք տասներկու շերտերի բաժանված փաթթոց կրելու սովորություն ունեն։ Էթնազեր արաբերեն նշանակում է «տասներկու», և քանի որ այդ փաթթոցը կամ գլխարկը ամբողջովին կարմիր է, այդ պատճառով էլ կոչվում է Ղզլբաշ, այսինքն՝ կարմրագլուխ։ Այս աղանդը տարբեր պատճառներով և ժամանակի բերումով տարբեր անուններ է ստացել։
Սոֆիի հայրը խոշոր գրագետ է եղել ինչպես իրենց օրենքի, աստվածաբանության, նույնպես և գիտության այլ բնագավառներում, հատկապես աստղագիտության ասպարեզում։ Նա ապրեց խեղճ ու համեստ կյանքով։ Սրանք էլ եղան այն պատճառները (որոնց շնորհիվ) նա սիրվեց ու հարգվեց Կազեմբեկ թագավորի կողմից, որին մենք Ուզուն Հասան ենք անվանում (ակկոյունլուների պետության (1468-1502 թթ) հիմնադիրը)։ Այդ սերը հասավ այնպիսի աստիճանի, որ վերջինս նույնիսկ իր աղջկան ամուսնացրեց նրա հետ, այս ամուսնությունից էլ ծնվեց այդ Շահ Իսմայիլը, որին Սոֆի ենք կոչում և որը մոր կողմից սերում է շատ ազնվական ու թագավորական տոհմից։
Այնքան ժամանակ, քանի դեռ Շահ Իսմայիլի հայրը կենդանի էր, նա միշտ աշխատեց իր զավակին սովորեցնել ազնիվ սովորություններ և ապրելակերպ․․․ Ասում են, որ երբ որդին ծնվեց, աստղագիտության ասպարեզում ունեցած իր իմացությունների շնորհիվ հայրը գուշակեց, որ նա հիանալի մարդ է լինելու։ Այնուամենայնիվ, խեղճ հորը թույլ չտվեցին երկար ժամանակ զբաղվել իր որդու դաստիարակությամբ, որովհետև կարճ ժամանակ անց մահացավ Կազեմբեկ Ուզուն Հասանը, ում մոտ Ֆիլիպ դը Բուրգոնյը ուղարկել էր իր դեսպաններին՝ նրան օսմանների դեմ գրգռելու համար։ Ահա այսպես է, որ ակկոյունլու Ուզուն Հասան թագավորը մայրական կողմից լինում է Իսմայիլի պապը։
Ուզուն Հասանից հետո պարսկական տերության գահին (ակկոյունլուների պետության) նստում է նրա որդի Յաղուբ բեկը, որը մեծ ատելություն ուներ Սոֆիի հոր հանդեպ, որովհետև իրեն թվում էր, թե իր քրոջ հետ նրա ամուսնությունը պետք է համարել արկածախնդրություն, ինչպես նաև անազնիվ և միաժամանակ անարգ բան։ Ուստի տերության գլուխ անցնելուց հետո, նրան թողնելով (միայն) մի փոքրիկ երկիր, աննախադեպ հալածանքի ենթարկեց և, ի վերջո, սպանել տվեց։
Իսկ Շահ Իսմայիլն իր հոր մահվան ժամանակ չնայած ընդամենը ութ տարեկան էր, բայց զգաց, որ մահվանից խուսափելու համար հարկավոր է փախչել․․․Նա անչափ ազատամիտ էր և չէր վազում ոչ ոսկու և ոչ էլ հարստության հետևից, չէր էլ գնահատում դրանք և, դեռ ավելին, այնքան շատ էր տալիս ուրիշներին, որ մարդիկ զարմանում էին ու մտածում, որ նա տեղյակ է աշխարհում գոյություն ունեցող բոլոր թանգարանների մեջ եղած հարստություններին, նույնիսկ դրամական ասպարեզում կարող է տիրանալ ցանկացածդ պաշտոնին։
Նա գինի է խմում, բայց գաղտնի, խոզի միս է ուտում։ Սրանք այնպիսի բաներ են, որոնք արգելվում են մահմեդական օրենքով։ Եվ քանի որ թուրք ազգի նկատմամբ մեծ ատելությամբ է լցված, ուստի իր տնտեսության մեջ նա պահում է մի խոշոր ու գեր խոզ։ Եվ որպեսզի զայրացնի ու նսեմացնի թուրքերի թագավորին, այդ խոզի անունը դրել էր Բայազիտ, որը ներկայումս իշխող թուրքի անունն է․․․
Վերոհիշյալ Յաղուբ բեկ թագավորի՝ Իսմայիլի մորեղբոր մահվանից հետո ամբողջ պարսկական տերությունը զենք առավ իր ձեռքը և երկիրն այնպիսի պատերազմների ու խմբավորումների բեմ դարձավ, որ երկու տարուց էլ պակաս ժամանակամիջոցում թագավորական այդ տերությունը առնվազն հինգ անգամ ցնցումներ ապրեց և ձեռքից ձեռք անցավ։
Ահա օգտվելով այս իրավիճակից, այսինքն՝ իր հիմնական թշնամու մահից և պարսկական տերության զինվորականների ու ազնվականության իրար դեմ վարած տևական կռիվներից, Շահ Իսմայիլը հեշտությամբ կարողացավ վերադառնալ իր երկիր, տեր դարձավ իր ժառանգությանն ու հոր ունեցվածքին, այսինքն՝ Արդեբիլի շրջանին, որտեղ նա անչափ սիրված ու հարգված էր իր հպատակների կողմից․․․
Եվ այսպես, Շահ Իսմայիլը վերցնում է Թավրիզի պարոնությունը (սենյորությունը)։ Միաժամանակ վստահեցնում են, որ նա կատարյալ ջարդ ու դաժանություն է ցուցաբերում երկրի զինված մարդկանց ու զինվորների նկատմամբ, որոնք թյուրքմեններ են կոչվում, և այդ կոտորածը իրագործվեց ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց ու փոքր երեխաների նկատմամբ, նրանց տարբեր ձևերի մահ էր վիճակված։
Եվ քանի որ իր մորեղբոր մահվանից շատ ժամանակ էր անցել և նրա նկատմամբ վրեժխնդիր լինել չէր կարող իր հորը սպանելու և իր երկիրը զավթելու համար, նա գնում է մեծ իշխանի համար պատշաճ ձևով շինված շքեղ ու հոյակերտ գերեզմանը և այն հիմնահատակ քանդում ու վերածում ավերակի՝ այն աստիճան, որ այդ գերեզմանի հետքը նույնիսկ չի մնում։ Դեռ ավելին, ոսկորները հանել է տալիս գերեզմանից, վառում և մոխիրը քամուն տալիս։
Լսելով այդ, Շահ Իսմայիլի մայրը՝ Յաղուբ բեկ թագավորի քույրը, որդուն ընդառաջ է գալիս և հանուն այն բանի, որ նրան ինքը կրել է իր որովայնում, սկսում է նրան մեղադրել մորեղբոր գերեզմանի հետ այդքան դաժանությամբ ու անմարդկայնությամբ վարվելու համար։ Պարսավանքի արժանի մոր կատարած արարքն այնպիսի արհամարհանք է առաջացնում նրա նկատմամբ և այնքան է ազդում իր վրա, որ հանկարծ հրամայում է բռնել իր հարազատ մորը և սպանել։ Ոմանք էլ ասում են, որ ինքն անձամբ է սպանել նրան․․․
ԱՂԲՅՈՒՐԸ՝
Մ․ Կ․ ԶՈՒԼԱԼՅԱՆ, Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների․ XIII-XVIII դդ, Գիրք Ա, Քաղաքական պատմություն, Երեւան 1990, էջ 251-263
Հայե՛ր, գիտե՞ք, որ