Գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտում մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, համեմատաբար էժան աշխատուժ, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության փորձ և կան բոլոր նախադրյալները պնդելու, որ այն իրապես մեր տնտեսության հեռանկարային ոլորտներից է: Վերջինս դեռ 2000թ. ճանաչվել է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, իսկ 2008թ.-ին ընդունվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը և հստակեցվել ոլորտին պետական աջակցության եղանակները:

 


Կարելի է փաստել, որ վերջին տարիներին Կառավարության ջանքերը ակներև են այս բնագավառի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու առումով, մասնավորապես 2014թ.-ի վերջին ընդունվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որը իրապես շատ կարևոր էր ոլորտի զարգացման տեսանկյունից:
Հատկանշական է, որ ընկերությունների գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ստվերում գտնվող մասնագետներին օրինական դաշտում աշխատելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ակնկալիքով Կառավարությունը գնաց նաև հարկային արտոնություններ տրամադրելու ճանապարհով: Մասնավորապես՝ ոլորտի սկսնակ ընկերություններն ազատվում են շահութահարկից, իսկ նրանց աշխատողների եկամտային հարկը սահմանվում է 10%:

 


Բնականաբար այս ամենը կբերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կտրուկ զարգացման և 2015թ.-ին այս ոլորտում սպասվում է շոշափելի աճ:
Անցյալ տարվա տվյալների համաձայն ՏՏ ոլորտում առկա են 395 ակտիվ աշխատող ընկերություններ, որոնցում ներգրավված են շուրջ 11.500 մասնագետներ, իսկ 2014թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է 475 մլն դոլար և ոլորտը գրանցել է 25.2%-ի աճ:

 

Մարինա Ներսեսյան