Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Երկու օր շարունակ բոլորս միասին, վստահ եմ նաև ամբողջ աշխարհի հայությունը, տոնում էինք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2797-ամյակը: Տոնում էինք ի սրտե, ինչին իսկապես արժանի է մեր ջերմ ու բարի քաղաքը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև տոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող մեր բոլոր հյուրերին ու, ընդհանրապես, բոլոր նրանց, ովքեր տոնական այս օրերին մեզ հետ էին ու սրտանց կիսեցին մեր ուրախությունը, մեզ հետ միասին ի սրտե ուրախացան և լիարժեք դարձրին տոնը: Տոնը կայացավ նաև շնորհիվ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված բոլոր կազմակերպությունների, անհատների ու կամավոր-երիտասարդների, ովքեր ջանք չխնայեցին ու նպաստեցին տոնի կայացմանը: Շնորհակալ եմ բոլորիդ:
Շատ կուզեյի, որ այն սերը, ջերմությունը, բարությունն ու հոգատարությունը, որ երեկ ու այսօր դրսևորեցիք մեր սիրելի քաղաքի ու մեկդ մյուսի նկատմամբ, շարունակական լինի Աստծո ամեն օր: Ու համոզվա՛ծ եղեք, որ բոլորիս հավաքական, համախմբված սերն ու հոգատարությունը մեր ջերմ ու բարի քաղաքը կփոխադարձի իր մեծ ու անսպառ բարությամբ: