Վերջին օրերին ուշադրություն է գրավում ռուսաստանյան բարձրագույն ռազմական օղակների կողմից Չինաստանի Արևմուտքում գտնվող Սինձյան-Ույգուրական ԻՄ տարածքում իսլամիստական խմբավորումների ակտիվացման վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումը: Դա, ինքնին, աննախադեպ երևույթ է և ցուցիչն է այն բանի, որ ՌԴ իշխանությունները մի կողմից ենթադրում են, որ Արևմտյան Չինաստանը կարող է դառնալ արյունալի էթնո-կրոնական հակամարտության թատերաբեմ, մյուս կողմից էլ, նման հրապարակային նախազգուշացումը հասցեագրելով պաշտոնական Պեկինին, փորձում են վերջինիս մղել ավելի կտրուկ գործողությունների՝ Իսլամական Պետության դեմ Մոսկվայի նախաձեռնած արշավի տրամաբանության շրջանակներում:
Այդ տրամաբանության առանցքն է կազմում չարիքն իր որջում խեղդելու գաղափարը, որը բարձրաձայնվել է ՌԴ նախագահ Պուտինի կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Իրականում Չինաստանում համընդգրկուն զանգվածային խժդժությունների կազմակերպման մի քանի սցենարներ կարող են գործի գցվել, սակայն ույգուրական ապստամբության հնարավորությունը դրանցում ավելի շուտ լրացուցիչ, օժանդակ գործոնի դեր կարող է խաղալ: Թալիբների, Ալ-Կաիդայի, Իսլամական Պետության գրոհայինների գործողություններն, ըստ էության, Չինաստանի համար անմիջական սպառնալիք չեն հանդիսանում:
Դա, անշուշտ, չի նշանակում, որ երբեմնի խորհրդային Կենտրոնական Ասիայի տարածքում բոլորովին չկան Չինաստանի շահերին լրջորեն սպառնացող կոնֆլիկտոգեն պոտենցիալ օջախներ և գործոններ՝ դրանք առայժմ կազմավորման փուլում են և, հավանաբար, երկու-երեք տարի անց արդեն իրենց զգացնել կտան:
Արման Մելիքյան