Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն այսօր վրացի և ռուսաստանցի լրագրողներին հայտնել է, որ ինքը Բրյուսելում «Գազպրոմի» հետ քննարկել է Վրաստան գազի մատակարարումն ավելացնելու և Վրաստանով տարանցիկ բնական գազի փոխադրումը մեծացնելու հնարավորությունը: Նախարարն ասել է, որ ռուս գործընկերների հետ լավ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել, և եթե հաջողվի Ռուսաստանից ստանալ գազի լրացուցիչ ծավալ, վրացական կողմի համար շատ լավ կլինի: Ինչպես հայտնի է, Վրաստանի գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է, սակայն, նախարարի ասելով ծավալի հարցում որոշակի խնդիրներ կան: Թեմային անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլը:

 


Կայքերից մեկն համապատասխան նյութը տեղադրել է «Գազպրոմն» ու ՍՈԿԱՐ-ը պատերազմ են սկսում Վրաստանի համար» վերնագրի ներքո: Վերապատմելով նախարար Կալաձեի այսօրվա հայտարարությունը, կայքը հատկապես շեշտել է նրա հետևյալ միտքը. «Վրաստանը Ռուսաստանից գազ է ստացել նաև 2008 թվականի պատերազմի ժամանակ, ստանում է այժմ և պետք է ստանա միշտ»: Կայքը հավելում է, որ Ռուսաստանը Վրաստանին գազ է մատակարարում միայն իբրև գազը Վրաստանով Հայաստան հասցնելու վճար:

 


2015 թվականին մատակարարվել է 0,3 մլրդ խոր. մետր գազ: Ըստ Ռուսաստանի և Վրաստանի կնքած պայմանագրի 1000 խոր. մետրի արժեքը 110 ԱՄՆ դոլար է: Ընդ որում, շեշտում է ադրբեջանական կայքը, 2016թ. հունվարի 1- ից Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազն էժանացնելու է՝ 189- ից նվազեցնելով մինչև 165 դոլար: Վիճակագրական տվյալներով ադրբեջանական գազը Վրաստանի համար ավելի էժան է, քան ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար: Մասնավորապես, 2014 թվականին Վրաստանը «Շահդենիզ- 1» հանքավայրից 250 մլն խոր. մետր գազը գնել է 55 դոլարով և «Շահդենիզ- 2» հանքավայրից 500 մլն խոր. մետրը՝ 64 դոլարով:

 


«Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կալաձեի հայտարարությունը փաստորեն նշանակում է նոր պայքարի սկիզբ «Գազպրոմի» և ՍՈԿԱՐ- ի միջև հանուն Վրաստանի գազի շուկայի»,- գրել է կայքը: Այժմ ՍՈԿԱՐ- ը մատակարարում է Վրաստանի օգտագործած գազի 90 տոկոսը: Հավանաբար Վրաստանի կառավարությունը որոշել է վերջ դնել Ադրբեջանի գազի ոլորտի մենիշխանությանը: Վերջում կայքը հիշեցնում է, որ «Գազպրոմի» խոշորագույն մասնավոր բաժնետերերից է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա վերահսկում է «Գազպրոմի» բաժնետոմսերի 1 տոկոսը:

 

 


Տնտեսական անկյուն