ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք հարցերից երկուսը օդային հաղորդակցության ոլորտից է և կարգավորելու է Հայաստանի և Բուլղարիայի, Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների այդ ասպարեզի հարաբերությունները:
Այժմ Հայաստանի և Բուլղարիայի միջև գործում է դեռևս 1995 թվականին ստորագրված և 1996- ին ուժի մեջ մտած օդային հաղորդակցության համաձայնագիրը: Սրա մի շարք դրույթներ հակասում են 2014թ. հոկտեմբերից ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությանը, մասնավորապես' համաձայնագրի տեքստում կան ավիաընկերությունների առևտրային գործունեությունը խոչընդոտող հոդվածներ, որոնք թույլ են տալիս պետությունների միջամտությունը ավիաընկերությունների կողմից առաջարկվող տարողության, հաճախականության և սակագների հաստատման մասով, համաձայնագրի հավելվածում կան սպասարկվող ուղղությունների սահմանափակումներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը սույն հարցերն օրակարգ է մտցրել, քննարկելով բուլղարական կողմից ստացված համաձայնագրի նոր նախագիծը, լրամշակել է այն համապատասխան նոր քաղաքականության և 2009թ. ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցության որոշակի ասպեկտների մասին» համաձայնագրի դրույթների:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցության համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների կանոնավոր օդային հաղորդակցության ոլորտի հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը և ոլորտի ազատականացմանը' ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը նպատակահարմար է համարում:
Վերանայման կարիք ունի նաև «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների' միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» 2012թ. նոյեմբերի 20- ի համաձայնագիրը, քանի որ դրանից հետո' 2013թ. հոկտեմբերին, Հայաստանն անցել է «Բաց երկնքի» քաղաքականությանը: ՈՒստի համաձայնագրում կան ավիաընկերությունների առևտրային գործունեությունը խոչընդոտող մի շարք դրույթներ, որոնք վերանայված տարբերակից հանվել են:
Ըստ ՀՀ ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացության կառավարության որոշման նախագծերն համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը: Նախագծերի վերաբերյալ սկզբունքային դիտողություն և առաջարկություն չունի ՀՀ նախագահի աշխատակազմը:
Նարեկ Սարգսյան