2014-վերջին արձանագրված կտրուկ դրսևորումներից հետո ՀՀ վարկային շուկան այս տարի այժմ չի կարողանում ուշքի գալ։ Բանկերի վարկային պորտֆելը նախորդ տարվա վերջի համեմատ նվազել է շուրջ 100 մլրդ դրամով' կրճատվել են ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերը։
Եթե նախորդ տարվա դեկտեմբերին բանկերի վարկային ընդհանուր պորտֆելը գերազանցում էր 2 տրիլիոն 188 մլրդ դրամը, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 88 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում դրամային վարկերի պորտֆելը բանկերում պակասել է գրեթե 30 միլիարդով, տարադրամայիններինը՝ 70 միլիարդով։

 


Վերը նշվածը խնդիր է, որին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների ներկայացման ժամանակ օրերս անդրադարձել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը, ում կարծիքով, տնտեսական աճի վրա ազդող հիմնական գործոններից մեկն էլ դարձել է վարկավորման թույլ ակտիությունը։
Ճիշտ է բանկային կապիտալի արդյունավետությունը տնտեսության համար բավականաչափ ցածր է, չափազանց թանկ լինելու հետևանքով, բայց և այնպես այն հանդիսանում է ֆինանսական միջոցների բացը լրացնելու հիմնական աղբյուրը։ Այնպես որ, վարկային ռեսուրսների սահմանափակ լինելը դարձել է Հայաստանի տնտեսության ակտիվացման հիմնական խոչընդոտներից մեկը։
Չնայած նրան, որ արժութային շուկան Հայաստանում համեմատաբար կայուն է, որոշակի տատանողականությամբ հանդերձ, այնուհանդերձ հասարակության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ շարունակում է խոցելի լինել։ Վերջինիս վկայություններից մեկն էլ ավանդային շուկայում տեղի ունեցող դրսևորումներն են։ Պատահական չէ, որ բանկերում պահվող հասարակության խնայողությունները վերջին ամիսներին դարձյալ սկսել են նվազել։

 


Վերը նշված երևույթը նկատվեց հատկապես օգոստոսին, երբ բանկային ավանդները մեկ ամսվա ընթացքում կրճատվեցին 14 մլրդ դրամով։ Ընդ որում, դա արտահայտվեց գերազանցապես դրամային ավանդների մասով։ Ազգային արժույթով պահվող խնայողությունները օգոստոսին կրճատվեցին 16 միլիարդ դրամով։
Առկա իրավիճակում բնականաբար տուժում է տնտեսությունը, որը չի կարողանում բավարարել ֆինանսական միջոցների կարիքը։ Արժութային շուկաների անկայունության և բարձր ռիսկայնության պայմաններում տնտեսությանն անհրաժեշտ են առաջին հերթին դրամային միջոցներ։

 

Նարեկ Սարգսյան