Մեզ հաճախ են վախեցնում կարիեսով, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է առաջանում այն և ինչպես կանխարգելել: Ինչպե՞ս զերծ մնալ այս հիվանդությունից. պարզաբանում է բժիշկ-թերապևտ Յուլյա Գադակչիյանը:

 

1. Շատերն են լսել կարիեսի մասին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
-Կարիեսը ամենատարածված հիվանդություններից է, որով տառապում է մեզանից գրեթե յուրաքանչյուրը: Այն ատամների հիվանդություն է, որի զարգացմանը նպաստում է մանրէների ագրեսիվ ազդեցությունը, այլ կերպ ասած, դրանց կենսագործունեության արտազատուկները, ինչը և քայքայում է ատամի էմալային շերտը՝ առաջացնելով ատամների կարծր հյուսվածքի նեկրոզ: Եթե կարիեսը չբուժվի, կարող են առաջանալ մի շարք բարդություններ, այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել և ճիշտ ժամանակին դիմել բժշկի:

 

2. Կարիեսի առաջացման պատճառները կարո՞ղ են տարբեր լինել:
- Երբեմն սննդի օգտագործումից հետո մեր ատամներին մնում են սննդի մանր մնացորդներ, որոնց ժամանակին չհեռացնելը հանգեցնում է բակտերիաների՝ ստրեպտոկոկերի առաջացման: Այս բակտերիաներն առանձնահատուկ են նրանով, որ կլանում են գլյուկոզան՝ առանձնացնելով կաթնաթթուն, և թքի բաղադրությունը դարձնում են առավել թթու՝ դրանով իսկ ազդելով ատամի հանքային շերտերի վրա. արդյունքում էմալը կորցնում է իր հանքանյութերն ու ամրությունը: Կարիեսի զարգացմանը նպաստում են նաև օրգանիզմի պաշտպանողական համակարգին ուղեկցող հիվանդություններն ու արտաքին գործոնները՝ սնունդը, ատամների հիգիենան, ժառանգականությունը, օրգանիզմի առողջական վիճակը, ֆտորի անբավարարությունը, քաղցրի չարաշահումը, ինչպես նաև սթրեսային իրավիճակները: Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, միրգ, քիչ՝ աղեր, ճարպեր պարունակող սննդամթերք, ձավարեղեն, պանիր, գետնանուշ, կաթնամթերք և, իհարկե, հետևել հիգիենայի կանոններին:

 

3. Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի կարիես:
-Դա շատ պարզ կարելի է բացահայտել նույնիսկ տնային պայմաններում, քանի որ կարիեսի առաջացման հիմնական նախանշաններն են՝ ատամների վրա մուգ կետեր , ատամի մակերեսի կոշտացում, թույլ ատամնացավ, ատամների գերզգայունություն, բերանի խոռոչի տհաճ հոտ: Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ: Կլինիկական պայմաններում կարիեսի ախտորոշումը կատարվում է նախնական զննմամբ, ինչպես նաև ռենտգենաբանական հետազոտությամբ, որի շնորհիվ կարելի է բացահայտել նաև թաքնված կարիեսը:

 

4. Ինչպե՞ս է բուժվում կարիեսը:
-Կարիեսի բուժման ընթացքի պլանավորումը մեծապես պայմանավորված է ինչպես խոռոչի խորությունից, այնպես էլ նրա տեղակայումից: Բարդացած շրջանում կարիեսի բուժումը լուրջ աշխատանք է և որպես կանոն անցկացվում է մի քանի փուլերով։ Կարիեսի և նրա բարդությունների բուժման կարևորագույն մաս է նաև ատամի գեղագիտական վերականգնումը, որի նպատակով ներկայումս կիրառվում են լուսակարծրացող կոմպոզիտային նյութեր՝ հնարավորություն տալով լիարժեք բուժել ախտահարված ատամը, ինչպես նաև նրան հաղորդել բնական տեսք: