Հայը մնում է հայ, ուր ուզում է լինի' ամերիկաներում, եվրոպաներում, սիբիրներում, արաբստաններում…Նա առաջին իսկ ստեղծված հնարավորության դեպքում փորձելու է շրջանցել օրենքները, հաստատված կարգ ու կանոնը, էթիկետը, հաստատված պահելաձևը:
Բնականաբար Հնդկաստանը բացառություն լինել չէր կարող, խախտողներն էլ Կալկաթայի հայկական եկեղեցու սպասավորներն են:

 


Վրդովվում ենք, մեզ խփում պատերին, զայրացած վազում առաստաղով, եթե մեր եկեղեցիներին, պատմական հուշարձաններին, գերեզմանոցներին, սրբություններին որևէ տեղ, որևէ երկրում ինչ-որ մեկը խեթ է նայում…Իսկ մենք կարող ենք թալանել, ջարդել, փշրել, պղծել…Մեզ կարելի է…Վկան' Հայաստանի տարածքով մեկ պատմական հուշարձանների, եկեղեցիների, արձանների, հին գերեզմանոցների անմխիթար վիճակն է, մրոտած-գրոտած-աղտոտած պատերն ու շրջակայքը:

 


Հիմա էլ Կալկաթայում հայկական եկեղեցին սկսել է քանդել եկեղեցուն հարող հայկական գերեզմանոցի մի հատվածը և կառուցել ավտոկայանատեղի: Եթե հնդիկներն անեին, ես պատկերացնում եմ ինչ վայնասուն կբարձրանար, ինչ կգրեին, կասեին, կմեկնաբանեին' հային հարիր, տեղը տեղին…Իսկ հիմա, ի ուրախություն մեզ Հնդկաստանի համապատասխան ծառայություններն են խառնվել և արգելել այդ վանդալիզմն ու վայրագությունը' հնագույն գերեզմանոցի ավիրումն ու պղծումը, որը Կալակաթայի հայ համայնքի պատմության, գոյատևման ու հաստատման լուռ վկան է…
Դե մեզ կարելի է ավիրել, քանդել' մենք դա անում ենք բացառապես հայեցի, կամ որ ճիշտն է' հայավարի…

 

Ռոբերտ Մելքոնյան