Առաքելաշավիղ Առաքելական Մայր Եկեղեցին որպես մեր հարուցյալ Տիրոջ մարմնավոր ներկայություն եւ լիակատար ճշմարտության իրողություն, այն մեզ ինքնին ցույց է տալիս, որ նա ի սկզբանե կապված է սեփական ժողովրդի եւ հայրենիքի գաղափարին: Մեր Առաքելահաստատ Հայոց Եկեղեցին միշտ էլ եղել է հայոց աշխարհի միակ սատարող ու միավորող ուժը: Քանզի նրա նպատակն է եղել անմնացորդ նվիրումով ծառայել սեփական ժողովրդին եւ Մայր Հայրենիքին՝ իբրեւ անսպառ հավատքի աղբյուր, որպես լուսավորության մշտավառ կանթեղ ու վեհ հայրենասիրության հրաբորբոք սրբասուրբ օջախ եւ ներշնչարան:
301թ. համազգային քրիստոնեական մեծ դարձը մեզանում պատճառ եղավ զրահվելու Ազգային Սուրբ Եկեղեցիով, որը իր սուրբ առաքելությամբ պիտի պահպաներ մեր ժողովրդի ինքնուրույն դեմքն ու հոգին՝ որպես հոգեւոր եւ մշակութային միասնական, մեկ շաղախված միավոր:
Սբ. Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ Մեծի համատեղ առաջին ձեռնարկումն էր նորադարձ Հայաստանում լուսատու եկեղեցիների շինությունը եւ եկեղեցական նվիրապետության կազմակերպումը:
«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»: Արդարեւ, սիրելիներս, քրիստոնեությունն ընդունելուց հետո հայոց ազգային գաղափարը ձուլվել եւ միախառնվել է Մայր Եկեղեցու մեջ այնպես, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու անդամ չլինելը մեզանում հոմանիշ է հայ չլինելուն:
Այս ամենի վառ արտահայտված հետեւանքն էր, որ մեր Եկեղեցու աատմության ծիրում սրբությամբ նախանձախնդիր կերպով անկախ եւ մաքառող պետականության կողքին պահպանվել է հայոց Աստվածահիմն Եկեղեցու անկախությունը, որը հոմանիշ է նաեւ հայ հոգու անկախությանը:
Հայոց գրերի գյուտը ծնվեց Հայոց Եկեղեցու անդաստանում՝ քրիստոնեական լույսի եւ գաղափարախոսության տարածման հետ: Քանզի պատահական չէ, որ այդ սուրբ եւ աստվածահաճո գործին ձեռնամուխ եղան մեր Եկեղեցու մեծ, երեւելի գործիչները՝ Ս. Աահակ հայրապետը եւ .Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը:
Ի՞նչն էր, սիրելիներս, հայ գրերի եւ դպրության ստեղծման պատճառը, եթե ոչ Արեւելքից սպառնացող, հայակուլ, արնախում բարբարոս ցեղերի հորդաների ոտնձգությունների դեմ պատվար կանգնելու անհրաժեշտությունը, որն իրագործվեց մեր Եկեղեցու երեւելի հոգեւորականների կողմից:
Իսկապես որ Հայ Եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի կենաց եւ մահու պայքարի առաջնորդը եւ փրկության սրբարար կենաց լույսը: Առանց Հայ Եկեղեցու սուրբ հավատքի, առանց հայ գրի ու դպրության հայ ժողովուրդը վաղուց ձուլված կլիներ զավթիչ պարսիկների, արաբների, հույների, սելջուկ ու օսման թուրքերի հետ՝ պատմության մեջ թողնելով միայն մի տխուր եւ անփա-ռունակ տապանագիր: 5-րդ դարում Ս. Մեսրոպը, կամոքն Բարձրյալի, կերտեց հայոց զինվորյալ տառերը, իսկ իր գործակից աշակերտ վարդապետներն այդ հրաշալի գյուտը բազմակողմանի կերպով գործադրեցին իբրեւ մի դյութական բանալի, Ս. Գրքի, եկեղեցական գրականության, ազգային, հերոսական պատմության եւ ժամանակակից հոգեւոր կյանքի բոլոր գանձարանները հարստացրին՝ շնորհիվ Մայր Եկեղեցու հոյակապ մատենագիտական արդյունաշատ վաստակով:
451թ., երբ Սասանյան Պարսկաստանը ցանկանում էր մեզ՝ Տիրոջ չարչարանակից բարեպաշտ հայությանը իբրեւ ազգ ձուլել եւ կործանել, Հա- յաստանյաց Առաքելական Մայր Սուրբ Եկեղեցին, առանց վարանելու, կամոքն Բարձրյալ Աստծո գլխավորեց ազգային ազատագրական շարժումները:
Հայոց Եկեղեցին՝ որպես Տիրոջ տեսանելի ամենասուրբ ներկայություն, միշտ օրհնել է հայ ժողովրդի հերոսական դիմակայության ոգին եւ մեզանում ներշնչել է ազգային անկախության գաղափարն ու մշակել հայության ինքնագիտակցության զգացումը: Հայոց սրբասուրբ Եկեղեցին քանզի խաչն ու ավետարանը ձեռքին քաջալերել է՝ հայ զորքն առաջնորդելով դեպի կենաց հաղթություն: Իսկապե՛ս, ո՞վ գլխավորեց մեր ժողովրդի քաղաքական- ազգային կյանքը՝ մեր քաղաքական անկախության կորստից եւ պետականության վերացումից հետո, եթե ոչ մեր Եկեղեցին:
Պատմության ծիրում, երբ օտարները սուր են բարձրացրել մեր ժողովրդի ազատության, անկախության եւ նվիրական սրբությունների վրա, ապա փորձել խոցել նրա հոգին, այդ դաժան պայքարի հորձանուտում որպես հավատքի լույս եւ ճանապարհ դեպի փրկություն, որպես հայոց ազգի գլուխ՝ Հայ Եկեղեցին է կազմակերպել նրա սուրբ պայքարը թշնամու դեմ:
Պետք է գիտակցել, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին չափազանց կարեւոր եւ վճռական դեր է կատարել նաեւ մեր ազատագրական շարժումների մեջ: Քանզի հայոց Ազգային Եկեղեցին՝ ի դեմս իր մեծ հայրենասեր Հայրապետների, միշտ էլ օրհնել է հանուն հայ ժողովրդի ազատության եւ անկախության մերկացված սուրը: Հայոց Եկեղեցին իր սրբազան բեմերից միշտ հնչեցրել է հայրենասիրության քարոզը եւ իր թեւերի տակ է առել, պահել ու պահպանել հայ ժողովրդին մեր պատմության դժբախտ օրերին: Եվ վերջապես, Հայոց Մայր Սուրբ Եկեղեցին օրհնել է եւ գլխավորել է նաեւ աշխարհասփյուռ հայության ազգահավաքն իր՝ մայրենի սուրբ հողի վրա:
Ուրեմն, եկեք Սուրրբ Լուսավորչի անմար կանթեղից վառենք մեր մտքի ճրագը և կայծեր ստանանք Ս. Մեսրոպի մշտավառ անկեզ մորենուց՝ մտքով ու հոգով լուսավորված, աննահանջ սիրով զինված՝ հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ծառայենք և սպասավորենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ, մեր Մայր Եկեղեցու երկնառաք սրբասուրբ անդաստանում:
Եվ կամոքն Աստուծո, սիրելի բարեպաշտ հայորդիք, հուսով եմ և վստահ, որ ձեր աղոթքների միջոցով՝ որպես հովիվ քաջ և հովիվ բարի, կկարողանամ շարունակել ուղիղ ընթացքով հովվել և առաջնորդել ինձ վստահված բարեպաշտ հավատավոր և բանավոր հոտին՝ միշտ բարի հոգևոր հավատքի խորհախոհուրդ դալար վայրում, ըստ քերթողահայր Մովսես Խորենացու խոսքի համաձայն խաղաղ ջրերի մոտ սնվելիս, սուրբ փարախի մեջ հավաքված՝ զգուշանալով գայլերից, և ոչ ցրված մարդոսության և չարափառության անապատներում ու դարուփոսերում, բարձր պահելով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի պատմական հմայքը, հայրենի սուրբ կրոնի բույրը, ազգային մայրենի լեզուն և ազգային ինքնությունը, քանզի հայ ժողովուրդը բացառիկ սիրով մայր է կոչել հատկապես Մայր հայրենիքը, Մայրենի լեզուն և Մայր Եկեղեցին:
ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԵՐԻՑՅԱՆ
Սեւանի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ